Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածու Դավիթ Մանուկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանեց հարցերին, թե ինչո՞ւ ցանկացավ առաջադրվել և ի՞նչն է եղել հիմնական պատճառը, որ ընդունել է առաջարկը.
«Ես ուզում եմ մաս կազմեմ այն պրոցեսների, որոնք պետք է տեղի ունենան ապրիլյան ընտրություններից հետո: Ինչպես գիտեք՝ նոր Սահմանադրությամբ՝ նոր ԱԺ-ը պետք է ունենա ավելի լայն լիազորություններ, և երկրի կառավարման կարգը նույնպես փոխվում է: Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ուզում եմ իմ ավանդը ունենալ երկիրի զարգացման գործում»,-ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ ասաց Դավիթ Մանուկյանը:
Հարցին, թե որն է հիմնական խնդիրը հասարակության մեջ, պարոն Մանուկյանը պատասխանեց, որ ոչ միայն Հրազդանում, այլ ամբողջ Հայաստանում միակ խնդիրը աշխատատեղերի բացակայությունն է. եթե դա լուծվի, մնացած ամեն ինչը կլուծվի:
Իսկ հարցին, թե արդյո՞ք վախի մթնոլորտ կա քաղաքում, Մանուկյանը պատասխանեց. «Իհա'րկե ոչ, վախի մթնոլորտ գոյություն չունի և չի կարող լինել»: