Որքան մոտենում է ապրիլի 2-ն, այնքան է՛լ ավելի հիմնավոր է դառնում այն տեսակետը, թե այս խորհրդարանական ընտրությունները բացառիկ են ոչ միայն այն պատճառով, որ դրանց արդյունքում՝ վերջապես ուժի մեջ է մտնելու նոր Սահմանադրությունն, այլև այն, որ դրանք իրականում սկիզբն են դառնալու այն խորքային գործընթացների, որոնք ծավալվելու են երկրում առաջիկա առնվազն մեկ տարվա ընթացքում՝ 2018թ-ը ներառյալ: Իսկ գործընթացներն այդ, պետք է նկատել, ամենևին էլ երևացողներից չեն. դրանք հիմնականում անդրկուլիսյան բնույթ կրող զարգացումներ են՝ զարգացումներ, որոնք բառացիորեն շոշափելու են Հայաստանի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական տիրույթները:
Ինչի՞ մասին է խոսքը:
Կասկած լինել չի կարող այն բանում, որ Կարեն Կարապետյանի՝ ՀՀ վարչապետ նշանակվելու օրվանից սկիզբ առած ներիշխանական խուլ հակամարտությունն ամենևին էլ չի հարթվել, որքան էլ կարող է այս պնդումը տարօրինակ հնչել: Բանն այն է, որ Կարապետյանի նշանակումն ի սկզբանե դիտարկվել է որպես ավելի շատ տակտիկական քայլ, քան՝ մի որոշում, որը միտված կլիներ ապագային. գրեթե ոչ ոք չէր կասկածում, որ Կարապետյանի նշանակումը դառնալու էր ընդամենը նախընտրական շրջանից բխող քայլ, որի նպատակն ընդամենը ՀՀԿ-ի մասին հասարակության շրջանում տարածված կարծիքը փոխելն էր լինելու, երկրում փոփոխությունների իմիտացիա ստեղծելը: Այլ կերպ ասած՝ ՀՀԿ-ն Կարապետյանի էնտուզիազմի, մենթալիտետային առանձնահատկությունների հաշվին ընդամենը ջանալու էր լուծել սեփական վերարտադրության հարցը. դրանով էր պայմանավորված նաև այն քարտ-բլանշը, որ վարչապետ Կարապետյանը ստացել էր նախագահ Սարգսյանից:
Հարց կարող է առաջանալ՝ ի՞նչ փոխվեց այս մի քանի ամիսների ընթացքում կամ ինչպե՞ս ստացվեց, որ իշխանության ներսում խուլ հակամարտությունը գնալով սրվեց մի պարագայում, երբ թվում էր՝ Կարապետյանն այն ֆիգուրը չէր, որ կարող էր «ձեռնոց նետել» վաղուց ձևավորված ու խորն արմատներ գցած կարգերին:
Այս հարցի պատասխանը գտնելու համար հարկավոր է ընդամենը սեփական հայացքն ուղղել հյուսիս՝ Մոսկվա, ու ամեն բան պարզ կդառնա. Մոկսվայի բացարձակ վստահությունն ու հովանավորությունը վայելող Կարապետյանի թիկունքին իրականում նույն Կրեմլն է կանգնած, որն էլ, ելնելով տարածաշրջանում սեփական աշխարհաքաղաքական շահերից ու գոյացած մարտահրավերներից, ջանում է ամեն կերպ հզորացնել սեփական ազդեցությունն Անդրկովկասում իր համար միակ հենակետ հանդիսացող Հայաստանում: Այդ անելու համար որպես գործիք է ընտրված Կարապետյանն, ու ամեն բան անում են՝ նրա դիրքերը Հայաստանի ներքաղաքական կյանքում ամրապնդելու ու Կարապետյանին ռեալ քաղաքական գործոն դարձնելու համար: Ի դեպ՝ որպես այս ամենի նյութական արտահայտում կարելի է համարել Կարապետյանի վերջին այցը Լոռի, ուր նա բարձրաձայնել էր կարևոր նշանակություն ունեցող մի շարք տնտեսական նախաձեռնություններ սկսելու պատրաստակամության մասին՝ «Տաշիր» գրուպի օգնությամբ, իհարկե:
Այս ամենն, ըստ էության, մեկ բանի մասին է վկայում՝ փորձում են ինչ-որ մարդկանց համոզել, իսկ թե ում, այնքան էլ դժվար չէ կռահել, որ Հայաստանի պայծառ ու ամենակարևորը, անվտանգ ապագայի միակ երաշխիք կարող է հանդիսանալ միմիայն Կարեն Կարապետյանը (կասկած լինել չի կարող այն բանում, որ նախագահ Սարգսյանի Մոսկվա կատարած այցը, որից հետո, ի դեպ, հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերը կտրուկ կերպով նվազեցին, հարկավոր է դիտարկել նաև վերոհիշյալ կոնտեքստում). Կարապետյանը վարչապետ պետք է մնա նաև 2018թ-ից հետո:
Հարց է ծագում՝ իրականում կա՞ մեկն, ով կարող է ձեռնոց նետել վարչապետին ու նրան իրական այլընտրանք դիտարկվել: Իրականում կա. ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանն է. նա, ի տարբերություն Կարապետյանի, գեոպոլիտիկ իմաստով շատ ավելի ընկալելի կարող է լինել նույն Արևմուտքի համար. Սարգսյանը «և, և»-ի կոնցեպտի մարմնավորում է, քան «կամ, կամ»-ի: Մոսկվան, սակայն, դատելով ամենայնից, այլևս չի բավարարվում «և, և»-ով ու պաշտոնական Երևանից շատ ավելին է պահանջում այն ամենի դիմաց, ինչն ակնկալում է Հայաստանը Ռուսաստանից. Կարապետյանը պետք է մնա:
Կարապետյանն իրականում մեկ ճանապարհ ունի՝ ապացուցել Սերժ Սարգսյանին սեփական անփոխարինելիությունն ու ստանալ երաշխիքներ, որ իրեն չեն խանգարի կյանքի կոչելու սեփական տեսլականները Հայաստանում: Ու եթե ՀՀԿ-ն, որպես կուսակցություն, կտա Մոսկվային հստակ երաշխիքներ, որ անակնկալ քայլերի չի դիմի ու կխաղա Մոսկվային հասկանալի խաղի կանոններվ, կարող է վստահ լինել, որ վերարտադրման հարցում որևիցե խոչընդոտի չի հանդիպի. Կրեմլը «պեչատը կխփի»:
Թե կոնկրետ ինչ հունով կծավալվեն ներքաղաքական իրադարձություններն, իհարկե, ցույց կտա ժամանակը, բայց, որ չափազանց բարդ խաղ է ընթանում քաղաքական անդրկուլիսներում, հստակ է. նյարդերը գերլարված են…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ