Մամուլն այսօր անդրադարձել է համացանցում հայտնված այն տեսանյութին, որտեղ ԵՊՀ ռեկտորի օգնական, ՀՀԿ-ական Գևորգ Մելքոնյանը նախագահական ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով դասադուլ հայտարարած ուսանողների դեմ «զորք» է հանում:
Տեսանյութում երևում է մի երիտասարդ, որտեղ նա էլ «ռազբորկայի» մեջ է մտնում դասադուլավոր ուսանողների հետ: 7օր. am-ը գրում է, որ այդ երտիտասարդը Միհրան Հակոբյանն է՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնականը: Նա բողոքող ուսանողներից մեկի հետ լեզվակռվի մեջ է մտնում՝ ասելով. «Լավ անելը ըտենց բան ա, հա՞, ըտենց ռազբիրատի ես հանում, հա՞, գնա՞նք խոսանք առանձին..., թեմատ հլը փոխի՛, հավաքի՛ հլը քեզ, վախացնեմ, կվախենաս…»։
Փաստորեն, այս ՀՀԿ-ական երիտասարդը 2004-2006թթ. եղել է ԵՊՀ Ուսանողական խորհուրդի նախագահ, 2006-2012թթ.՝ ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի պետ, 2008թ. առ այսօր՝ ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դասախոս, 2009-2012թթ.՝ «ԵՊՀ Շրջանավարտների միավորում» հ/կ, նախագահի խորհրդական, իսկ ՀՀ վարչապետի օգնականն է 2011 թ. հոկտեմբերի 7-ից։
Ինչպես հայտնի է (ասում են) վարչապետ Տիգրան Սարգսյանն իր շուրջ հավաքել է «ինտելեկտուալների»: Եվ ահա այդ ինտիլեկտուալների մարմնացումն այս երիտասարդն է, ով, երկրի վարչապետի օգնականը լինելով հանդերձ, դասախոսում է մայր բուհում և իր ուսանողների հետ խոսում է «վախացնեմ, կվախենաս…» բառապաշարով: Բա հետո էլ ասում են վարչապետի «մարդիկ» խելացին են, կիրթ…
Պարզ է՝ ինչ ինտելեկտուալների մասին է խոսքը գնում. կիրթ ու խելացի դասախոսների, ովքեր կարող են ուսանողների հետ լեզվակռվի մեջ մտնել նրանց հետ երկխոսության ու նրանց լսելու փոխարեն:
Մինչդեռ եթե դասախոսն է ուսանողներին «կանչում ռազբորկի», «հավաքի՛ հլը քեզ»-ով խոսում, դե նրա դասավանդող ուսանողն էլ շատ հավանական է, որ հայհոյի:
Ի դեպ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին էլ խորհուրդ կտանք, որպեսզի նա իր ֆեյսբուքյան էջում այս տեսանյութը և անհերքելի իրողությունը «Share» անի, ոչ թե հրահանգի, որ ուսանողներին «փակած պահեն»:
Մարգար Լևոնյան