Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղում կազմակերպվել էր հանդիպում Հոգաբարձուների խորհրդի և ուսանողների միջև, որի ժամանակ ուսումնական առաջադիմություն ունեցող երեք լավագույն ուսանողի կրթաթոշակ տրամադրվեց։
Համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը նկատեց, որ կրթաթոշակների հանձնումը խթանիչ հանգամանք է ուսանողների համար, սակայն ուսանողն էլ իր հերթին պետք է ակտիվ լինի՝ նոր ծրագրեր, նոր մոտեցումներ և լուծումներ առաջարկելով:
Համալսարանի տնօրեն Թամարա Վարդանյանի կարծիքով՝ կրթաթոշակը թևեր է տալիս ուսանողներին, իսկ նախաձեռնությունը՝ մոտիվացնում, որպեսզի ուսանողներն էլ ավելի ջանք ու եռանդ ներդնեն ուսման մեջ։
Համալսարանի երեք ուսանողներ մեծ գոհունակությամբ հոգաբարձուների խորհրդի անդամ, «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանից ստացան կրթաթոշակներ՝ բարձր առաջադիմություն ցուցաբերելու համար:
Արտակ Թովմասյանը վստահեցրեց՝ արդեն 3 տարվա պատմություն ունեցող համագործակցությունն ունենալու է շարունակական բնույթ` բնականաբար հագեցած լինելով նոր նախաձեռնություններով ու նոր ծրագրերով։
Միջոցառման ավարտին` ուսանողները մեծ ոգևորությամբ շնորհակալական խոսքեր հնչեցրին տնօրինությանը, հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ իրենց կողքին լինելու և մշտապես աջակցելու համար։