Այսօր՝ մարտի 21-ին, տեղի կունենա Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» հոգեհանգստյան արարողությունը՝ Շահումյանի գերեզմանատանը հարակից «Սան Լազար» սգո սրահում:
«Հաց բերողը» մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում՝ մարտի 16-ին՝ մարդկային անտարբերության հետևանքով:
Նրա մոտ առկա հիվանդությունները կալանքի հետ անհամատեղելի էին։ Սակայն, գործով ՀՔԾ քննիչ Էդիկ Հակոբյանը, հակառակ դրան, դատարան միջնորդություն էր ներկայացրել Արթուր Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ։
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանն էլ բավարարել էր քննիչի միջնորդությունը և երկամսյա կալանք սահմանել։ Դրանից հետո «Հաց բերողը» հացադուլ էր հայտարարել, ինչից հետո նրա առողջական վիճակն էլ ավելի էր վատացել։
Ազատության հրապարակում նստացույց հայտարարած երիտասարդներն այսօր ժամը 15:00-ին՝ մոմերով և ծաղիկներով լուռ երթ կիրականացնեն և կմասնակցեն Արթուր Սարգսյանի հոգեհանգստին: Նրանց պահանջը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականն է: