«Բարև»-ի հեղափոխության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը բարևեց և լսեց նաև աբովյանցիներին: Շուրջ 15 րոպե նա շրջեց Աբովյան քաղաքում, եղավ խանութներում և աբովյանցիների հետ անհատական զրույցների միջոցով փոխանցեց իր պատգամը:

Ավելի ընդարձակ ելույթով Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես եկավ Աբովյանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող կենտրոնական հրապարակում, որտեղ հավաքվել էին իր հարյուրավոր համակիրները: Նա հիշեցրեց, որ մի քանի ամիս առաջ քչերն էին հավատում, որ ՀՀ-ն ու Հայաստանի ժողովուրդը կհաղթեն ստրկությանն ու սպառնալիքին՝ ընդգծելով, որ աբովյանցին փետրվարի 18-ին կայացրել է իր ընտրությունը:

Աբովյան քաղաքում Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացավ իր ավանդական դիտարկումներով՝ սա կուսակցությունների, Սերժի ու Րաֆֆիի պայքարը չէ, խոսքը ժողովրդի հաղթանակի մասին է, ուստի պահանջեց, որ բոլորը հարգեն ժողովրդի հաղթանակը:

«Հանդիպել եմ ՌԴ դեսպանին, Գերմանիայի, ԱՄՆ դեսպաններին, նրանք մեր գլխի վրա տեղ ունեն, սակայն պետք է հարգեն մեր շահը: Մոսկվան Հայաստանի ռազմավարական գործընկերն է, բայց պետք է հարգի մեր ազգային շահը, եթե կա ռազմավարական համագործակցություն:

Ես ճանաչում եմ մեկ դրոշ, մեկ պետություն, և կա մեկ հայ ժողովուրդ, ուստի Օլանդից, Բարոզուից, Պուտինից պահանջում եմ աշխարհաքաղաքական խաղեր չտալ հայ ժողովրդի հետ: Ո՛չ մի զիջում: Մեկ օր, մեկ շաբաթ, մեկ ամիս կարող է պահանջվել պայքարի համար, բայց ես ետ չեմ կանգնելու, եթե դուք ետ չեք կանգնել»,- ասաց նա՝ նշելով, որ հայ ժողովուրդը հաղթած ժողովուրդ է:

Եզրափակելով իր խոսքը՝ նա աբովյանցիներին հորդորեց որևէ մեկին թագավոր չասել: Նրա համոզմամբ՝ Հայաստանում թագավորների ժամանակներն անցել են:

Աբովյանի կենտրոնական հրապարակում Արտո Թունջբոյաջյանի երգերի հնչյունների և ծափահարությունների ներքո ավարտվեց «Բարև»-ի հեղափոխության մարզային արշավը:

Նշենք, որ այսօր, ժամը 17.00-ին, նախատեսվում է հանրահավաք անցկացնել: