Այսօր՝ փետրվարի 26-ին, Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ, հայտնում են Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից:
Կողմերը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Րաֆֆի Հովհաննիսյանը բարձր է գնահատել տարածաշրջանում կայունության ապահովման գործում Ռուսաստանի ունեցած դերակատարությունը, ինչպես նաև այդ երկրի առաքելությունը՝ որպես ԼՂՀ հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահ: Հատկապես կարևորվել է մեր երկրների միջպետական հարաբերությունների զարգացման նոր հեռանկարները՝ իբրև երկու ինքնիշխան ռազմավարական դաշնակից պետություններ:
Քննարկվել են նաև Հայաստանում ընտրությունների արդյունքում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիները: Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ լինելով Հայաստանի թիվ մեկ ռազմավարական գործընկերը, Ռուսաստանը պետք է առաջինն ինքը շահագրգռվածություն հանդես բերի ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացների զարգացմամբ:
Հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: