Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, շարունակում է Ազատության հրապարակում ամենօրյա հավաքներն ու նստացույցերը, ընդհուպ՝ մինչև գիշերները մնալով այնտեղ: Շահենը և իր ընկերները երեկ ևս Ազատության հրապարակում էին և ցավով արձանագրեցին, որ հրապարակ է դուրս եկել ընդամենը 30-40 մարդ:

 

  • Հիշեցնենք՝ նրանք պահանջում են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը, ով, իրենց կարծիքով, «Հաց բերողի» կալանավորման հետ անմիջական կապ ուներ: 

Շահեն Հարությունյանը բավական նեղսրտած էր, ինչու չէ՝ նաև վիրավորված: Ինչո՞ւ են մարդիկ անտարբերություն ցուցաբերում, ինչո՞ւ են սոցիալական ցանցերում հազարավոր մարդիկ աջակցում, ամպագոrգոռ հայտարարություններ անում, բայց հենց հերթը հասնում է փողոց դուրս գալուն և իրենց հետ պայքարելուն, ընդամենը 40 մարդ է հավաքվում: 


«Ֆեյսբուքում իմ տեսաուղերձը հազարավոր մարդիկ հավանել էին, կիսվել, աջակցել, սակայն այսօր 40 հոգի է Ազատության հրապարակում: Էլ չեմ ասելու «եկեք փողոց», մենք այստեղ ենք, եթե ուզեք՝ կարող եք գալ: Բոլորն ասում են՝ կեցցեն նրանք, մենք սատարում ենք ձեզ, հազարավոր հավանումներ էին տալիս, բայց Ազատության հրապարակ են գալիս 40-50 հոգի, որից 10-20-ը՝ քաղաքացիական հագուստով ոստիկաններ: Փոխանակ շատանանք՝ հակառակն է լինում: Երբ որ ես ասում էի, ժողովուրդը սիրում է գալ մի քանի բան գոռալ, ֆլան-ֆստան, երթ անել, ինձ ասում էին՝ մի վիրավորի, մարդիկ պայքարում են: Ես ասեցի՝ կգա օրը ու կապացուցեմ, որ դա այդպես է:

 

Հիմա, երբ մենք երկարատև պայքար ենք մղում, այսքան մարդ է այստեղ: Դա չի՞ նշանակում, որ նրանք գալիս են գոռալու համար: Նախատեսել էինք երթ անել, բայց այսքան մարդով երթ չենք անի, հո խեղկատակ չե՞նք դառնալու: Էսքան մարդ մենք գիշերն էինք մնում, իսկ հիմա...: Մարդիկ ասում էին՝ խաղաղ երթերը սխալ են, հասկացա՛նք: Մենք 5 օր երթ ենք արել, խաղաղ անհնազանդություններ, փողոցներ ենք փակել, որոնց ժամանակ կիրառվել է ոստիկանական ուժ մեր նկատմամբ: Ծեծ ենք ուտում ինչի՞ համար, մենք էլ արժանապատվություն ունենք: Միգուցե մենք չենք կարողանում բարձրաշխարհիկ ելույթներ ունենալ, բայց կտրվել ենք ամեն ինչից, ուսումից, մեր երիտասարդական կյանքից, եկել՝ փողոցում ենք քնում հազարավոր վտանգների մեջ, մարդկանց ցույց տալու համար, որ մենք ուզում ենք պայքարել: Եթե ինչ-որ բան սխալ ենք անում, հարց չկա, եկեք-ասեք: Բնականաբար, ամբիցիայի հարց չկա: Մարդիկ պայքարը պատկերացնում են ֆեյսբուքում «շեյր» անելով: Մենք պայքարը պատկերացնում ենք փողոցում»,- նեղսրտեց Շահենը: 

 

Վերջինս հատուկ շեշտեց՝ ընտրություններին ընդառաջ՝ իրենք չպետք է դառնան խաղաթուղթ, խաղաքարտ. «Մեր միջոցով շահարկումներ չպետք է լինեն, մենք չենք սպասարկում որևէ քաղաքական ուժի: Մենք երիտասարդներ ենք, ովքեր ցանկանում են այս երկրում ինչ-որ փոփոխություն իրականացնել: Մենք ունենք շատ կարճ ժամանակ՝ փոփոխություն իրականացնելու համար: Մենք չպետք է այս օրերը կորցնեինք: Իմ խնդիրը մեկն է՝ պայքարը շարունակել, թեկուզ՝ մենակ»: 

 

Երիտասարդը նաև դժգոհեց, որ հրապարակում իրենց հետ չեն անգամ «Հաց բերողի» հուղարկավորության ժամանակ ամպագորգոռ հայտարարություններ, ելույթներ ունեցող մարդիկ, ովքեր, ի դեպ՝ սատարում են իրենց: «Էն մարդիկ, ովքեր հուղարկավության ժամանակ ամպագոrգոռ ճառեր էին ասում, ի միջիայլոց, նրանք կողմ էին, որ հավաքվենք այստեղ, իրենք չեն գալիս: Իրենք զուտ ելույթ են ունենում լրատվության առջև, լինում են առաջին պլանով, մեզ ֆեյսբուքով սատար են կանգնում, բայց մի օր չեն գալիս տեսնեն՝ էդ ջահելներն ինչի կարիք ունեն: Երբ հուղարկավորության  արարողությունն էր, այստեղ՝ Ազատության հրապարակում սադրանքներ են եղել ու ծեծկռտուք էր սկսվել, որովհետև այստեղ մարդ չկար, մասսա չկար»,- ասաց նա:

 

Ի դեպ՝ Արթուր Սարգսյանի հուղարկավորության ժամանակ Շահենի նշած մարդիկ էին՝ «Հիմնադիր Խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը, Սյուզան Սիմոնյանը, դերասանուհի Թամար Հովհաննիսյանը, երգիչ Եղիշե Պետրոսյանը, հայ օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը և այլք: 


Մինչ Շահեն Հարությունյանը և իր ընկերները Ազատության հրապարակում էին, մեկ այլ վայրում՝ «DoubleTree by Hilton» հյուրանոցի գեղեցիկ սրահներից մեկում, փափուկ աթոռների վրա նստած, համաժողով էին հրավիրել «Հոգևոր Հայաստան» կազմակերպության անդամները՝ երգիչ Եղիշե Պետրոսյանի գլխավորությամբ: Համաժողովին ներկա էին ՕՐՕ դաշինքի անդամները՝ Սեյրան Օհանյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Վարդան Օսկանյան, Արմեն Մարտիրոսյան, «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամները, դերասաններ, ազատամարտիկներ, մշակութային այլ գործիչներ: 

 

Մի քանի ժամ տևած համաժողովի ընթացքում ելույթներ ունեցան տարբեր գործիչներ, որոնց ելույթների ընդհանրական իմաստը նոր Հայաստանի կառուցումն ու ռեժիմի հեռացումն է՝ ընտրությունների միջոցով: 

 

Լուսանկարները՝ ԼՈւՐԵՐ.com


Քրիստինա Աղալարյան