Նախընտրական կրքերը, կարծես, միտում չունեն հանդարտվելու: Երեկ Էջմիածնում հերթական միջադեպն է տեղի ունեցել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամների և անհայտ քաղաքացիների միջև: ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Դաշինքի մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը հայտնեց, որ օրեր շարունակ Էջմիածնում իրենց դաշինքի անդամներին անհայտ անձինք առանց պետհամարանիշի մեքենայով հետապնդել են: 

 

«Իսկ արդեն երեկ՝ ուշ երեկոյան, այդ մեքենան կտրել է մեր դաշինքի անդամների ճանապարհը: Մեքենայից մեկն իջել է ու ատրճանակը պահելով շտաբի անդամներից մեկի գլխին՝ սպառնացել է, որ հեռու մնա դաշինքից, հակառակ դեպքում լավ չի լինի»,- մանրամասնեց մեր զրուցակիցը: Մանուկյանի փոխանցմամբ՝ շտաբի աշխատակիցները դիմել են ոստիկանություն. «Երեկոյան արդեն ոստիկանությունը շտաբում էր: Այլ մանրամասների` այս պահի դրությամբ, չեմ տիրապետում»: 

 

Դաշինքի մամուլի խոսնակը նշեց, որ բացի սպառնալիքից, այլ բան՝ ծեծկռտուք, քաշքշոց կամ վիճաբանություն՝ տեղի չի ունեցել: «Օրվա ընթացքում կփորձեմ տեղեկություններ ճշտել և կհրապարակեմ»,- հավելեց նա:

 

Իսկ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ամբողջությամբ չի տիրապետում կատարվածին: Հարցին՝ կասկածներ կա՞ն, թե ովքեր կարող էին սպառնալ իրենց դաշինքի շտաբի աշխատակիցներին, Մարտիրոսյանը պատասխանեց. «Հանրապետականից բացի՝ ո՞վ կարող էր»: 

 

Դեպքի վերաբերյալ ոստիկանությունում կատարվում է քննություն:

 

Քրիստինա Աղալարյան