Մերոնք, երբ մեր տարածքներում են լինում, ադրբեջանցիները ակտիվանում են, շան պես սկսում են հաչալ, թե դուրս եկեք այդ տարածքից։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։

Ըստ նրա` ադրբեջանցի զինվորականները փորձել են զենքերով սպառնալ հովիներին, սակայն վերջիններիս դիմադրության արդյունքում միջադեպը հարթվել է․ «Հովիվներին ես եմ զենք տվել, ինչո՞ւ պետք է նրանց մոտ զենք չլինի, թո՛ղ ինքնապաշտպանվեն։ Ամեն դեպքում ոչ մի երաշխիք չկա, որ նման դեպքերը չեն կրկնվի․ դրանք լինելու են, եղել են ու կլինեն։ Պետք է խելքներս գլուխներս հավաքենք, մեր բանակը զինենք»,-ասաց նա։

Շադունցն այն կարծիքին է, որ ամեն պահի իրավիճակը կարող է կտրուկ սրվել․ «Պետք է շատ աշխատել, զգոնությունը բարձր պահել։ Գիշերը գյուղի տղաները գնում են հերթապահության։ Փորձում ենք օգտակար լինել։ Ուզում ենք այնպես անել, որ ժողովուրդը գիշերը հանգիստ քնի»,- նշեց Շադունցը։

Մեր այն հարցին, թե այդ միջադեպից հետո արդյոք շարունակում են հովիվները այդ տարածքում գտնվել, Շադունցը պատասխանեց․ «Այդ տարածքները մեր արոտավայրերն են, մեր սահմանն է, ինչո՞ւ չպետք է գնանք այնտեղ, ո՛չ, շարունակում ենք գնալ»,- ասաց Տեղ խոշորացված համայնքի ղեկավարը։

Զվարթ Պետրոսյան