Ես խոստումներ չեմ տալիս. իմ հիմնական առաջնահերթությունները կրթական ոլորտն է, ուսանողը: Սա ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի դասախոս, բ.գ.թ դոցենտ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի կողմից Արաբկիր, Դավթաշեն, Աջափնյակ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Ռիտա Սաղաթելյանի նախընտրական ծրագրի հիմնական գաղափարն է:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում պատգամավորության թեկնածուն ասաց՝ խոստումներ չի շռայլում, ընտրվելու դեպքում առաջնային կարևորություն է տալու կրթական ոլորտին, որում առկա են բազմաթիվ բացթողումներ:
«Օրինակ՝ ավագ դպրոցի խնդիրը: Մենք սիրում ենք դրսից ամեն ինչ վերցնել, ընդօրինակել, սակայն ժամանակը ցույց տվեց, որ 12-ամյա կրթությունը չի արդարացնում իրեն: Այս բնագավառում մենք վերանայելու խնդիր ունենք: Իմ ուշադրության կենտրոնում է նաև գյուղը: Դուրս եկեք մայրաքաղաքից ու մտեք գյուղ, կտեսնեք՝ մարդիկ պարզապես քաղցած են: Մի չարիք, որն ամբողջ ազգին է տիրել՝ վարկերի խնդիրը: Ես չգիտեմ մի ուրիշ երկիր, որտեղ այսպիսի դրույքաչափեր լինեն սահմանված: Եթե գյուղացին ունի ընդամնեը երկու կով, ապա դրա եկամտով վարկ պետք է փակի: Այսինքն՝ պետք է սովից մեռնի, որ վարկ փակի: Վարկերի վերաբերյալ պետք է վերանայում լինի»,-մանրամասնեց տիկին Սաղաթելյանը և հավելեց՝ ժողովուրդը լա՜վ հոգնել է խոստումներից. «Ես ունեմ միտք, կամք ու պատրաստ եմ ծառայել իմ ժողովրդին»:
Մանրամասները՝ ԼՈւՐԵՐ.com-ի տեսանյութում.