Մարտի 24-ին «Սարի թաղի» գործով ձերբակալված Էդուարդ Զեյթունյանը հացադուլ է հայտարարել: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության խոսնակ Գոռ Ղլեչյանը:

 

Նրա փոխանցմամբ՝ Էդուարդ Զեյթունյանը բողոքում է իր քրեական գործից:

 

Ըստ Էդուարդ Զեյթունյանի կնոջ՝ Լալա Բերնեցյանի, ամուսինն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում՝ պնդելով, որ ինքը ոստիկանին դիմադրություն ցույց չի տվել. «Ոչ մի ոստիկան չի տուժել, դատարանում իրեն ոչ մի ոստիկան չի ճանաչել: Նա իր լույսի, գազի ու ջրի համար էր փողոց դուրս եկել: Չարածի համար ինչո՞ւ պետք է 5-10 տարի ազատազրկման դատապարտվի: Ամուսինս ողնաշարի, սրտի ու ճնշման խնդիր ունի, սակայն ոչ մի բժշկական օգնություն չի ստանում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում», - ասել է նա:

 

Նշենք՝ մարտի 14-ին, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նույն գործով ձերբակալված Կարեն Վանոյանը ևս հացադուլ էր հայտարարել, սակայն Գոռ Ղլեչյանի փոխանցմամբ՝ Վանոյանը հացադուլից դուրս է եկել դեռևս մարտի 17-ին:

 

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ի գիշերը սկսվեց «Սասնա ծռերի» զինված ապստամբությունը, նրանք գրավել էին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը: Հենց այս իրադարձությունների ժամանակ՝ հուլիսի 19-ին, բախումներ առաջացան Սարի թաղի բնակիչների և ոստիկանների միջև, քանի որ վերջիններս փակել էին Խորենացի փողոցից Սարի թաղ տանող ճանապարհը: Այս միջադեպը սարիթաղցիները մեկնաբանում են որպես բողոքի ձայն բարձրացնելու փորձ, իսկ ոստիկանությունը հայտարարում է, թե քաղաքացիները քարերով հարվածներ են հասցրել իրենց:

 

Հավելենք՝ այս գործով տուժող է ճանաչվել 7 ոստիկան, 10 սարիթաղցի կալանավորվել է։

 

Սոնա Հարությունյան