Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր «Նաիրիտ» գործարանի 18 աշխատակցի գործով դատական նիստը: Նշենք՝ նաիրիտցիները իրենց տարիների աշխատավարձերի մայր գումարը ստանալու համար՝ սոցիալական ծանր պայմաններից ելնելով, ստիպված են եղել ստորագրել գործարանի տնօրինության և ՀՀ կառավարության կողմից կազմված պայմանագիրը, որի 2-րդ կետի համաձայն՝ իրենք հրաժարվում են աշխատավարձի ուշացման տույժ-տուգանքներից:
Դրանից մեկ տարի անց, նաիրիտցիները որոշում են պայքարել իրենց իրավունքների վերականգնման համար և դատարան հայց են ներկայացնում՝ այդ պայմանագրի 2-րդ կետը չեղարկելու պահանջով:
Նախորդ դատական նիստի ժամանակ քննության էր առնվել երեք աշխատակցի հայցը, այս անգամ՝ 18-ի: Դատավոր Նաիրա Հովսեփյանը դատական նիստի մեկնարկի հենց առաջին րոպեներից՝ բավական կողմնակալ վերաբերմունք էր ցուցաբերում և դատական նիստը հետաձգելու նպատակ ուներ:
Նա հայցվոր կողմի ներկայացուցիչներին փաստաթղթերի վերաբերյալ հարցեր էր տալիս, որը, ըստ փաստաբան Տիգրան Սարգսյանի, գործի հանգամանքների հետ որևէ կապ չուներ: Օրինակ՝ դատավորը հակասություն էր տեսնում կնքված պայմանագրերի ամսաթվերի և պատասխանող կողմ հանդիսացող «Նաիրիտ 2»-ի կողմից տրամադրված տեղեկանքների միջև: Այդ տեղեկանքներում այլ ամսաթիվ է նշված եղել: Հայցվոր կողմի շահերի պաշտպանը դատարանին դժգոհություն հայտնեց, որ գործի էական հանգամանքների հետ կապ չունեցող հարց է դա և դատավորը փորձում է անհարկի ձգձգել դատական նիստը և ընկնում է տեխնիկական անկարևոր հարցերի հետևից: «Ձեզ մոտ կա պայմանագրերի բնօրինակը, ի՞նչ կարևոր է՝ տեղեկանքում ինչ ամսաթիվ է նշված»,- դատարանին դիմեց փաստաբանը:
Փաստաբանն անգամ հայտարարեց, որ բացարկ կներկայացնեն դատավոր Նաիրա Հովսեփյանին, քանի որ վերջինս կանխակալ վերաբերմունք է ցուցաբերում, ժեստերով ու միմիկաներով փորձում է գործի ելքի վերաբերյալ նախատրամադրվածություն ցուցաբերել: Ինքը՝ դատավորը, իհարկե հերքեց փաստաբանի այդ պնդումները, ասելով՝ դատարանը կանխակալ վերաբերմունք չի ցուցաբերում, իսկ բացարկ հայտնելը հայցվորների իրավունքն է:
Դատավորը մի քանի անգամ ընդմիջում հայտարարեց: Առաջին 5 րոպեանոց ընդմիջման ժամանակ հայցվոր կողմի փաստաբանը ծանոթացավ հայցադիմումի՝ պատասխանող կողմի ուղարկած պատասխանին: Ըստ դրա՝ «Նաիրիտ 2» ՓԲԸ-ն առաջարկում է հայցվորներին՝ պայմանագրի 2-րդ կետը չեղարկելու համար վերադարձնել աշխատավարձերի մայր գումարները: Այսինքն՝ կրկին խոսում են պայմանների լեզվով: Փաստաբան Սարգսյանը դա անհեթեթություն որակեց և շեշտեց՝ պատասխանող կողմն իր ուղարկած պատասխանով ավելի հիմնավորեց իրենց հայցը:
Դատական նիստին ներկա չէր հայցվորներից Գեղեցիկ Մուսայելյանը, ով գտնվում է արտերկրում: Դատավորը երկար ժամանակ հայցվորներին հարցնում էր՝ արդյոք վերջիններս ծանո՞թ են հայցադիմումին և պնդո՞ւմ են այն: Ներկա հայցվորները պատասխանեցին, որ՝ այո՛, ծանոթ են, կարդացել են հայցադիմումն ամբողջությամբ և պնդում են այն: Սակայն դատավորին դա չբավարարեց: Նա անպայման ուզում էր լսել նաև Գեղեցիկ Մուսայելյանի պատասխանը, չնայած փաստաբանն ու հայցվորներն այդքան պնդեցին՝ իրենց գործընկերը ևս տեղյակ է հայցադիմումին ու այն պնդում է:
Նիստը նախագահող դատավոր Նաիրա Հովսեփյանը հետաքրքրվեց՝ արդյոք հայցվոր Մուսայելյանը որևէ գրավոր փաստաթուղթ այդ մասին ուղարկե՞լ է դատարան կամ փաստաբանին: Պարզվեց՝ ոչ: Նա միայն բանավոր է այդ մասին ասել: Դատարանը համարեց, որ դա բավարար չէ և հիմք է՝ դատական նիստը հետաձգելու համար, հաշի չառնելով դատարանում ներկա 10-ից ավել հայցվորներին և նրանց պնդումները: Փաստաբան Տիգրան Սարգսյանը սա համարեց ձևական պահանջ և դատական նիստերի անհարկի ձգձգում, քանի որ մեկ հայցվորի բացակայությունը չէր կարող հիմք հանդիսանալ դատական նիստը հետաձգելու համար:
Դատական նիստն ավարտվեց: Հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 14-ին, ժամը 14:30-ին: Ի դեպ՝ տեղեկացանք, որ հայցվոր Գեղեցիկ Մուսայելյանը, կոպիտ ասած, ում պատճառով դատական նիստը հետաձգվեց, Հայաստան է վերադառնալու ապրիլի 15-ին:
Մանրամասները՝ ԼՈւՐԵՐ.com-ի տեսանյութում:
Քրիստինա Աղալարյան