Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազատության հրապարակում ՀՅԴ-ի ամփոփիչ նախընտրական հանրահավաքն է: Հանրահավաքին ելույթ ունեցան Արմեն Ռուստամյանը և Հրանտ Մարգարյանը:
Ինչպես տեղից հայտնում է ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը ելույթով հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը:
Նա հայտարարեց՝ ապրիլի 2-ը նոր ժամանակաշրջանի սկիզբն է ազդարարելու.
«Տարիներ ի վեր ՀՅԴ-ն համառ և անզիջում պայքար է մղել, որպեսզի պատմական շրջադարձ կատարելու հնարավորություն ընձեռվի ժողովրդին, որպեսզի վերացվեն մեր առաջընթացը խափանող խոչընդոտներն ու արգելքները, ստեղծվեն միջոցներ՝ երկրի զարգացումը խթանելու համար»:
Արմեն Ռուսաստամյանն անդրադարձավ այն ուժերին, ովքեր հայտարարում են՝ հանուն խաղաղության Ադրբեջանին զիջումների գնալու մասին. «Նման հայտարարություններ անողները արհամարհում են ժողովրդին։
Մենք պետք է զարգանանք առանց զիջելու մեր ազգային, ռազմավարական շահերը։ Բոլոր նրանք, ովքեր հայտարարում են, որ առանց հանուն խաղաղության Ադրբեջանին զիջումների գնալու ապագա չունենք, ոչ միայն արհամարհում ենք մեր ժողովրդին, այլև արդարացնելով կուտակված խնդիրների գոյությունը, բացառում են դրանց լուծումը»: