Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգի կառավարությունը հինգ հյուսիսային շրջաններ, որտեղ հեղեղումներ են տեղի ունեցել, տարերային աղետի գոտներ է հայտարարել: Նոր Հարավային Ուելսի եւ Քվինսլենդի նահանգներից ստացվող հաղորդումների համաձայն՝ առափնյա գոտու բնակավայրերում հեղեղումների վտանգը առաջվա պես շատ մեծ է, չնայած «Դեբի» արեւադարձային ցիկլոնից հետո եղանակի որոշ բարելավմանը:

 

Անցած երկու օրվա ընթացքում երկրի արեւելքում անդադար տեղատարափ անձրեւներ են տեղացել, ինչը հանգեցրել է շատ գետերում ջրի մակարդակի կտրուկ բարձրացման: Դրա հետեւանքով Լիսթեր, Չինդերա, Մուրվիլումբա, Քինգսլի, Բինլի քաղաքներում, Գոլդ Քոստի մի շարք շրջաններում վերջին 24 ժամում տեղացել է ավելի քան 400 միլիմետր անձրեւ եւ տեղի են ունեցել հեղեղումներ:

 

Ինչպես հայտնել է Քվինսլենդի կառավարության ղեկավար Անաստասիա Պալաշչուկը, այդ նահանգում մոտավորապես 130 հազար տուն մնում է առանց էլեկտրականության: Քվինսլենդի եւ դրան սահմանակից Նոր Հարավային Ուելսի շրջանների տասնյակ հազարավոր բնակիչներ տարահանվել են եւ մինչ այժմ չեն կարողանում վերադառնալ իրենց տները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: