Ավստրալիայի կառավարությունը օգոստոսի 7-ը սգո օր Է հայտարարել ի հիշատակ Ուկրաինայի արեւելքում մալայզիական Boeing-ի աղետի զոհերի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է երկրի վարչապետ Թոնի Աբոտը:

 

Այդ օրը կխոնարհվեն պետական բոլոր հիմնարկությունների եւ արտասահմանում Ավստրալիայի դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի դրոշները, իսկ Մելբուռնի Սուրբ Պատրիկի տաճարում կկայանա սգո արարողություն:

 

«Մենք սգում ենք բոլոր 298 անմեղ մարդկանց, բայց առավել այն 38 տղամարդկանց, կանանց ու երեխաների զոհվելը, որոնց համար Ավստրալիան հարազատ տուն էր,- նշել է կառավարության ղեկավարը:- Մենք խորապես ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին եւ նրանց աջակցություն կցուցաբերենք առաջիկա դժվարին ժամանակներում»:

 

Ինչպես հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Ռուսաստանը ՄԱԿ-ին եւ ԵԱՀԿ-ին է փոխանցել Boeing-ի աղետի շրջանում օբյեկտիվ դիտարկման տվյալները: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը՝ ելույթ ունենալով համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում:

 

Մենք միջազգային կազմակերպություններին, ներառյալ ՄԱԿ-ը եւ ԵԱՀԿ-ն, փոխանցել ենք աղետի շրջանի նկատմամբ օբյեկտիվ դիտարկման տվյալները: «Ակնկալում ենք, որ նույնքան կոնկրետ ու կառուցողականորեն կգործեն նաեւ մյուսները՝ ոչնչով չհիմնավորված մեղադրանքներ եւ հորինվածքներ տարածելու փոխարեն»,- ասել է դիվանագետը:

 

Boeing-777 մարդատար ինքնաթիռը, որն Ամստերդամից թռչում Էր Քուալա Լումպուր, հուլիսի 17-ին աղետի Է ենթարկվել Ուկրաինայի Դոնեցկի մարզում: Ինքնաթիռում եղել Է 298 մարդ, այդ թվում՝ 85 երեխա եւ անձնակազմի 15 անդամները: Նրանք բոլոր զոհվել են: Օդանավում եղել Է Ավստրալիայի 27 քաղաքացի: Կիեւի իշխանությունները ավիաաղետի համար մեղադրում են աշխարհազորայիններին, մինչդեռ վերջիններս հայտարարել են, որ իրենք չունեն այնպիսի միջոցներ, որոնք թույլ կտային օդանավ խփել նման բարձրության վրա: