Ուկրաինայի երկնքում Malaysia Airlines ընկերության ավիահանրանավի աղետի հետեւանքով զոհված ուղեւորների ընտանիքներին Նիդեռլանդների ռազմական ավիաբազայում առաջին անգամ ցուցադրել են ինքնաթիռի բեկորները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

2014 թվականի հուլիսի 17-ին Ամստերդամ – Քուալա Լումպուր երթուղով MH17 չվերթի բոլոր 298 ուղեւորները եւ անձնակազմի անդամները զոհվել են:

 

Հոլանդացի փորձագետները, որոնք հետաքննում են աղետի հանգամանքները, չեն բացառում, որ մալայզիական ավիահանրանավը խփվել Է հրթիռով, երբ Ուկրաինայի արեւելքում թռչում Էր ռազմական հակամարտության գոտու վրայով:

 

Հանրանավի բեկորները Նիդեռլանդների հարավի ավիաբազա են հասցվել դեռ անցյալ տարվա վերջին եւ տեղավորված են երեք օդանավարաններում:

 

Դիտելու համար ցուցադրված բեկորների թվում են ինքնաթիռի թեւերը, անիվները, ֆյուզելաժի բեկորները եւ ձեռնածանրոցների համար նախատեսված հատվածամասերը:

 

Ենթադրվում Է, որ մեկ շաբաթվա ընթացքում Boeing-777-ի բեկորները կդիտեն զոհված ուղեւորների 500 հարազատներ:

 

Անցյալ տարվա սեպտեմբերին հրապարակվել Է Նիդեռլանդների Ենթակառուցվածքի եւ տրանսպորտի անվտանգության հանձնաժողովի նախնական հաշվետվությունը, որի համաձայն ինքնաթիռը մեծ բարձրության վրա «օդում մասերի Է բաժանվել արտաքին ներգործության հետեւանքով»:

 

Հաշվետվության վերջնական տարբերակը, ինչպես սպասվում Է, կհրապարակվի այս տարվա հոկտեմբերին: