Փրկարարները հուլիսի 18-ին հայտնաբերել են Ուկրաինայում կործանված մալայզիական Boeing-ի երկրորդ սև արկղը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ականատեսներին: Ավելի վաղ, ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, հանրապետության հարավարևելյան տարածաշրջանում գործող աշխարհազորայինները գտել էին աղետյալ ինքնաթիռի առաջին ինքնագրիչը:
Ինքնահռչակ Դոնեցիկ ժողովրդական հանրապետության պաշտպանության նախարար Իգոր Ստրելկովը հայտարարել է, թե Boeing 777-ի կործանման պատճառների օբյեկտիվ հատաքննության համար զինադադար չի պահանջվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հայտնել է «Նովոռոսիա» գործակալությունը: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հանդես է եկել Ուկրաինայի արևելքում մալայզիական մարդատար հանրանավի աղետի հանգամանքների «անկախ միջազգային հետաքննություն» անցկացնելու պահանջով:
Նրա կարծիքով՝ «առաջին տպավորությունն այն է, որ ինքնաթիռը խփվել է»: Նա ցավակցություն է հայտնել առնվազն 298 մարդու զոհվելու կապակցությամբ, որոնցից չորսը, ենթադրաբար, գերմանացիներ են:
Ուկրաինայում կործանված Boeing 777-ը սարքին վիճակում էր և սահմանված ժամկետում անհրաժեշտ տեխստուգում էր անցել: Այդ մասին հայտարարել են «Մալայզիայի ավիաուղիներ» ընկերությունում, որին պատկանում էր հանրանավը: Ավիաընկերության տվյալներով՝ Boeing 777-200-ը՝ 9M-MRD գրանցման համարով, վերջին անգամ տեխստուգում է անցել 2014 թվականի հուլիսի 11-ին:
Դոնեցկի մարզում Boeing 777-ի աղետից հետո Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդոյոնոն կարգադրել է, որ երկրի ավիաընկերություններն անհապաղ դադարեցնեն թռիչքները զինված հակամարտությունների բոլոր գոտիների վրայով, ներառյալ Ուկրաինան:
«Պետության ղեկավարն անհանգստություն է հայտնում ողբերգության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել են նաև Ինդոնեզիայի քաղաքացիներ»,- հայտարարել է նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Ջուլիան Ալդրին Փաշան: Նախնական տվյալներով Ամստերդամից Քուալա Լումպուր ընթացող հանրանավում եղել են 12 ինդոնեզացիներ:
Միջպետական ավիացիոն կոմիտեում հանդես են գալիս Ուկրաինայում Boeing 777-ի աղետը հետաքննելու համար ICAO-ի (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) հովանու ներքո միջազգային հանձնաժողով ստեղծելու օգտին, որին պետք է հանձնվեն ինքնաթիռի «սև արկղերը»:
Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության վարչապետ Ալեքսանդր Բորոդայը հայտարարել է, որ ԴԺՀ-ում համակարգող շտաբ է ստեղծվում «Մալայզիական ավիաուղիների» Boeing 777-200-ի աղետի հանգամանքները հետաքննելու համար:
ԴԺՀ-ի մամուլ ծառայությունն, իր հերթին, հայտնել է, որ որոնողական գործողության վայրը պահպանում են ժողովրդական հանրապետության «Վոստոկ» գումարտակի մարտիկները: Ճշտվում է, որ ինքնաթիռի բեկորները, ուղևորների մարմիններն ու բեռները ցրված են երեք կիլոմետր շառավղով:
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդել է, որ «Մալայզիական ավիաուղիների» Boeing 777-ի կործանման վայրում հայտնաբերվել է 121 մարդու մարմին:
«Մալայզիական ավիաուղիներ» ընկերության բաժնետոմսերը Boeing 777-200-ի աղետից հետո էժանացել են 11 տոկոսով: ԱՄՆ-ը պատրաստ է Ուկրաինայում Boeing 777-ի աղետի հանգամանքների հետաքննությանն օգնել Հետաքննությունների համերկրային բյուրոյի մասնակցությամբ: