Ուկրաինայում վերսկսվել են հուլիսի 17-ին Դոնեցկի մարզում տեղի ունեցած ավիաաղետի զոհերի աճյունների եւ անձնական իրերի որոնումները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Նիդեռլանդների պաշտպանության նախարարությունը:

 

Հոլանդական գերատեսչության տվյալներով՝ գործողությունը կազմակերպել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: «Ընդհանուր առմամբ որոնողական աշխատանքներին մասնակցում են պետծառայության 40-ից ավելի աշխատակիցներ, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի մի քանի ներկայացուցիչներ եւ հոլանդացի չորս փորձագետներ»,- ճշտել են նախարարությունում:

 

Իր հերթին հոլանդական ոստիկանության ներկայացուցիչ Փիթեր Յաապ Ալբերսբերգը, որը Ուկրաինայում համակարգում է հոլանդացի մասնագետների գործունեությունը, նշել է, որ «որոնումները հաջող են ընթանում»:

 

«Արտակարգ իրավիճակների պետծառայությանը հաջողվել է հավաքել ընդհանուր առմամբ մոտավորապես ինը խորանարդ մետր անձնական իրեր, այդ թվում՝ հագուստ, ճամպրուկներ, անձնագրեր, վարկային քարտեր, ոսկյա զարդեր, գրքեր ու լուսանկարներ»,- ընդգծել է նա:

 

Malaysia Airlines ընկերության Boeing 777-ը, որը չվերթ էր իրականացնում Ամստերդամ-Քուալա Լումպուր երթուղով, աղետի է ենթարկվել հուլիսի 17-ին: Օդանավում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են: Նրանց մեծամասնությունը՝ 193 ուղեւոր, Նիդեռլանդների հպատակներ էին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: