Հոլանդացի փորձագետներն Ուկրաինայում մալայզիական Boeing ինքնաթիռի կործանման վայրում նոր մնացորդներ են հայտնաբերել, գրում է Газета.Ru-ն՝ հղում անելով Նիդեռլանդների իշխանությունների կայքին:

 

Որոնողական առաքելության ղեկավար Փիթեր Յաապ Ալբերսբերգը հայտնել է, որ փորձագետները գտել են մարդկային այրված մնացորդներ։ Նա նաև հայտնել է, որ տեղի բնակիչներն աղետի վայր են բերել զոհերի անձնական իրերը, այդ թվում՝ զարդեր:

 

Հաղորդվում է, որ դեպքի վայրում աշխատել է 20 մարդ, ովքեր ուկրաինացի փրկարարների հետ մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը:

 

Որոնողական խմբի ղեկավարը նշել է, որ աշխատանքային պայմանները լավ են եղել, թեև ուժեղ քամի է եղել, ուսումնասիրվել է մի քանի հատված։ Աշխատանքները շարունակվում են:

 

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Դոնեցկի մոտ կործանված և մոտ երկու հարյուր մարդու կյանք խլած օդանավի վթարի պատճառները շարունակում են անհայտ մնալ: