Բոլոր 23 անձինք, ովքեր գտնվում էին Tara Air ավիաընկերության՝ Նեպալում կործանված ինքնաթիռում, զոհվել են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է երկրի զինված ուժերի ներկայացուցիչ բրիգադի գեներալ Տարա Բահադուր Կարկին:
The Katmandou Post թերթը փետրվարի 24-ին գրում է, որ օդանավի բեկորները հայտնաբերվել են Մյագդի օկրուգում՝ որոնողա-փրկարարական գործողությունների սկսելուց չորս ժամ անց:
Ոստիկանության ներկայացուցիչ Պհուլ Կումար Տհապա Մագարի խոսքով, որն առաջիններից մեկն է հայտնաբերել է ավիաաղետի վայրը, բեկորները գտնվում են դժվարամատչելի լեռնային շրջանում և ցրված են շուրջ 200 քառակուսի մետր տարածության վրա: «Կործանումից հետո տեղի է ունեցել հրդեհ»,- հավելել է նա, ճշտելով, որ այս շրջանում շատ վատ եղանակ է:
20 ուղևորով և անձնակազմի երեք անդամով Viking 9N-AHH Twin Otter ինքնաթիռը թռիչք էր կատարում Փոքարա-Ջոմսոմ (Նեպալի քաղաքներ) երթուղով. թռիչքից տասը րոպե անց այն անհետացել է ռադարների էկրաններից:
Ըստ նախնական վարկածի, ինքնաթիռը կարող էր լեռան մեջ մխրճվել առավոտյան թանձր մառախուղի պատճառով: Ինքնաթիռում գտնվում էին Քուվեյթի մի հպատակ, ինչպես նաև Նեպալի և Չինաստանի քաղաքացիներ: