Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում տեղակայված 9/41 ընտրատեղամասում քվեարկության գործընթացը բնականոն հունով է ընթանում: Այս մասին նշեց ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Անահիտ Դավոյանը:
«Որևէ խախտում առայժմ չի գրանցվել, ամեն ինչ կարգին է: Քաղաքացիները հանգիստ գալիս են, իրենց քաղաքացիական պարտքը կատարում: Ասեմ, որ մեզ մոտ դեռ առավոտից քվեարկողների շրջանում բավական ակտիվություն կա: Ինչպես տեսնում եք, նույնիսկ հերթեր են գոյանում»,-ասաց Անահիտ Դավոյանը: Նա նշեց, որ հերթերի գոյանալը կապված է քվեարկության բուն գործընթացի վերաբերյալ քաղաքացիների ոչ բավարար տեղեկացված լինելու հետ:
«Ինչպես տեսնում եք, անհրաժեշտության դեպքում, մինչ քվեախցիկին մոտենալը, յուրաքանչյուր քաղաքացու տեղեկացնում ենք, թե ինչպես պետք է կատարեն քվեարկությունը: Ասեմ, որ մեզ մոտ տեսախցիկներ են տեղադրված, որոնք աշխատում են, ամեն ինչ կարգին է»,-ասաց Անահիտ Դավոյանը:
9/41 ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունեն 1920 քաղաքացի, որոնցից ժամը 13:00-ի դրությամբ արդեն 400-ը կատարել էին իրենց քաղաքացիական պարտքը:
Ընտրատեղամասում գտնվող «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքնի վստահված անձ Լուսինե Սերոբյանն ընթացքը դրական գանահատեց:
«Առայժմ էական խախտումներ չկան, ամեն ինչ նորմալ կազմակերպված է: Մի փոքր հերթեր են գոյացել, սակայն ավելի լավ է հանձնաժողովի անդամները դանդաղ, բայց ճիշտ աշխատեն, քան արագ և սխալներով: Հերթերը կարգավորվում են այնպես, որ խնդիր չծագի»,-ասաց Լուսինե Սերոբյանը:
Ընտրատեղամասում մեր գտնվելու պահին նաև բավական ակտիվ աշխատում էին ոստիկանության աշխատակիցները, ովքեր կարգավորում էին կուտակումներն ընտրական գործընթացում խաթարումներ չլինելու համար: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վստահված անձը' Սարգիս Գրիգորյանը, նույնպես գոհ էր ընթացքից:
«Առավոտյան ժամը 9:30-ից այստեղ եմ, մինչ կեսօր ամեն ինչ հանդարտ, հանգիստ ընթացել է: Հուսով ենք, որ շարունակությունն էլ այդպես կլինի»,-ասաց նա:
Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկությունը սկսվեց առավոտյան ժամը 08:00-ին: Բացվեցին հանրապետության ողջ տարածքում ձևավորված 13 ընտրատարածքների 2009 տեղամասերը: Քվեարկությունը կավարտվի երեկոյան ժամը 20:00-ին, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը: ՀՀ ոստիկանության հրապարակած վերջին տվյալներով՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվն է 2 միլիոն 564 հազար 195, հաշվառում չունեցող ընտրողների թիվը' 915: Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում գտնվող ընտրողների թիվն, ըստ տվյալ ների, 2001 է: