Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվեցին լավագույն տղաները: Այսօր՝ ցավալի իրադարձությունից մեկ տարի անց, Եռաբլուր զինվորական պանթեոնում մարդկանց հոսքը չէր դադարում:
Նրանք ծաղիկներ էին դնում զոհված հերոսների շիրիմներին և հարգանքի տուրք մատուցում նրանց հիշատակին: Եռաբլուրում էին նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՕՐՕ դաշինքի առաջնորդներից Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Մովսես Հակոբյանը, ՀԱԿ պատգամավորության թեկնածուները, ազատամրտիկներ, զոհվածների հարազատները, ծնողները և այլք: Հերոսների հիշատակին սուրբ պատարագ մատուցվեց:
Մեկ տարի առաջ՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառեց իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները:
Ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակավայրերի հրթիռակոծության հետևանքով Արցախի Մարտունու շրջանի Զորավան գյուղում զոհվեց 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվեցին և տեղափոխվեցին հիվանդանոց: Հակառակորդի ագրեսիայի արդյունքում մարտերի ժամանակ զոհվեցին տասնյակ հայորդիներ, որոնց սխրանքն անմահ է, ովքեր իրենց կյանքի գնով պահեցին հողը, խրամատը, ովքեր գերադասեցին զոհվել, քան հայրենիքի մի թիզ հողը հանձնել թշնամուն:
Տեսանյութը՝ ԼՈՒՐԵՐ.com-ի
Քրիստինա Աղալարյան