«Ծառուկյան» դաշինքով թիվ 11 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով պատգամավորության թեկնածու Մուշեղ Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ավարտվեց ԱԺ-ի հերթական ընտրությունները: Ցավով պետք է խոստովանեմ, որ այն ինչ կատարվեց այսօր և ինչին ականատես եղա ինքս ընտրություն անվանելն առնվազն անբարոյական է: Ընտրակեղծիքների մասին բազմիցս լսել էի, որոշներին նաև ականատես էի եղել, գիտեի, որ այս ընտրություններն էլ զերծ չեն լինելու դրանցից:
Բայց այսօր ինձ այնքան էվոլյուցիայի ենթարկված ընտրակեղծիքները չեն զարմացրել ու հիասթափեցրել, ինչքան ընտրողների մեծամասնության արհամարհական վերաբերմունքը իրենց , իրենց զավակների, երկրի ապագայի հանդեպ: Ոչ ոք չէր կասկածում, որ այս ընտրությունների կեղծման գլխավոր տեխնոլոգիան ընտրակաշառքն է լինելու:
Բայց ես միամտորեն կարծում էի, որ այս անգամ ընտրողը՝ ելնելով նախկին դառը փորձից, չի խաղա իշխանությունների ավանդական դարձած խաղի կանոններով: Դժբախտաբար իրականությունը լրիվ հակառակն եղավ:Նախկին հինգ տարիներին իշխանություններին անխտիր հայհոյող ընտրողն այսօր 5-10 000 դրամով դարձյալ իր ապագան հանձնեց այդ նույն իշխանություններին՝ իր քայլը հիմնավորելով ամենաանհեթեթ հիմնավորումներով : Հարգելիներս, ինչ պատճառաբանություն էլ բերեք, 10000 հազար դրամով ընդամենը ճանապարհ եք հարթում դեպի անապահով և աղքատ Հայաստան, որի քաղաքացին եք դուք՝ սոցիալական ծանրագույն վիճակով և քաղաքացիական ցածր ինքնագիտակցությամբ:
Ցավում եմ, որ իմ նմաններին մնում է ոչ այլ ինչ, քան լուռ հետևել, թե ինչպես են ձեր իսկ ընտրած արժանավորները շարունակելու ստորացնելու, կեղեքելու և էլ ավելի ստրկացնելու ձեզ: Նաև ափսոսում եմ, որ ես և իմ նման մտածողները ևս պետք է ապրենք ձեր պատկերացրած Հայաստանում»: