Այս պահի դրությամբ Շիրակի մարզի տարածքում գործող ՏԸՀ-ը բողոքներ չեն ստացել կուսակցություններից ու դաշինքերից: Թիվ 32 տարածքային ընտրական հանձնաժողովը, որը կանոնակարգում է 45 տեղամասի աշխատանք՝ 24-ը Գյումրիում, 21-ը Ախուրյանում, ժամը 15:00-ի դրությամբ բողոք չի ընդունել:
Այս մասին տեղեկացրեց ՏԸՀ նախագահ Մարզպետունի Մարգարյանը: Բողոք չի ստացել նաև Գյումրիի մյուս տեղամասերն ընդգրկող թիվ 31 ՏԸՀ-ն: Տվյալ հանձնաժողովի նախագահ Արտակ Ավետիսյանը փաստեց, որ այս ընտրությունները բոլորովին այլ էին ինչպես ընտրակարգով, այնպես էլ թեկնածուներով:
«Այս ընտրություններին բավականին հետաքրքիր բացահայտումներ եղան՝ իրենց կախման կետերով ու հարցականներով, բայց գործընթացի առումով՝ բավական լավն էին: Հուսանք, սա սկիզբ էր լավ բանի, բնականաբար, ամեն մի նոր բան ունի իր խնդիրներն ու թերությունները, տեսանելի ու անտեսանելի խնդիրները, որոնք ի վերջո կգտնեն իրենց լուծումները»,-նշեց Արտակ Ավետիսյանը: Բողոքներ դեռ չի ստացել նաև թիվ 30 ՏԸՀ-ն:
Արմենուհի Մխոյան