Հրապարակվել է Մարդու իրավունքների պաշտպանի 2016 թվականի տարեկան հաղորդումը և կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը: Օմբուդսմանի տարեկան հաղորդման մեջ՝ ի թիվս բազմաթիվ հարցերի, անդրադարձ է կատարվել նաև 2008 թվականի մարտի մեկին տեղի ունեցած դեպքերին և հարուցված քրեական գործերին: ԼՈւՐԵՐ.com-ն առանձնացրել է այդ հատվածը: Եվ այսպես. Պաշտպանն արձանագրում է՝ Հատուկ քննչական ծառայությունում ոչ մի էական քայլ չի ձեռնարկվել 2008 թվականի մարտի 1-ի 10 մահվան դեպքերը բացահայտելու ուղղությամբ: 


Մարդու իրավունքների պաշտպանին Հատուկ քննչական ծառայության տրամադրված տեղեկությունների համաձայն՝ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործից 10 անձի մահվան և 3 անձի մարմնական վնասվածքներ ստանալու փաստով 10 առանձին գործեր են անջատվել, որոնցից յուրաքանչյուրով նախաքննությունը շարունակվում է, կատարվում են համապատասխան քննչական գործողություններ: Մասնավորապես, տրամադրված տեղեկության համաձայն՝ բոլոր գործերով հարցաքննվել են շուրջ 200 անձինք, տրվել են հանձնարարություններ՝ օպերատիվ- հետախուզական միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ, կատարվել են հարցումներ: 

 

Չնայած նրան, որ Ծառայության կողմից իրականացվել են վերը նշված քննչական գործողությունները, անհրաժեշտ է ընդգծել, որ 2016 թվականի ընթացքում կրկին չի ապահովվել քննարկվող քրեական գործերի վերաբերյալ հանրային իրազեկվածության պատշաճ մակարդակ:


Ի դեպ՝ 2008 թվականի մարտի 1-ի 10 զոհերի մահվան փաստով կատարվող նախաքննության ոչ պատշաճ իրականացման խնդրին անդրադարձ է կատարվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի 2011, 2012, 2013, 2014 և 2015 թվականների տարեկան զեկույցներում: Նշվածի կապակցությամբ բազմիցս իրենց մտահոգությունն ու դժգոհությունն են հայտնել մարտի 1-ի 10 զոհերի ընտանիքների անդամները, հարազատները, տարբեր քաղաքական գործիչներ, քաղաքացիական հասարակությունը, ինչպես նաև միջազգային կառույցները:

 

Մի շարք դեպքերում դժգոհությունները կապված են Ծառայության կողմից իր գործառույթները ոչ պատշաճ իրականացնելու հետ, ինչի հետևանքով տվյալ գործերը տարիներ շարունակ չեն բացահայտվել: Անհրաժեշտ է ընդգծել, որ գործերի քննության ողջամիտ ժամկետների խախտումը կարող է հանգեցնել մահացած անձանց իրավահաջորդների իրավունքների խախտմանը:


Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես՝ մարտի 1-ի զոհերի գործերով ընթացող նախաքննության շուրջ 8 տարվա տևողությունը որևէ օբյեկտիվ պատճառով կամ այլ հանգամանքներով չի հիմնավորվել Ծառայության կողմից: Այսպիսով, վերոգրյալից կարելի եզրակացնել, որ Ծառայությունը նաև 2016 թվականին էական քայլեր չի ձեռնարկել 2008 թվականի մարտի 1-ի 10 մահվան դեպքերի բացահայտման ուղղությամբ:


Անհրաժեշտ է մարտի 1-ի 10 զոհերի փաստի առթիվ հարուցված քրեական գործերով Ծառայության կողմից իրականացված գործողությունների վերաբերյալ պատշաճ իրազեկել զոհերի հարազատներին և հանրությանը: Ողջամիտ ժամկետներում ապահովել հարուցված քրեական գործերի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը: