«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում երեկ՝ ապրիլի 5-ին, մահացել է դատապարտյալ Հրաչյա Գևորգյանը:
Հրաչյա Գևորգյանը անազատության մեջ էր գտնվում 2011 թվականից: Վերջինս մի շարք հիվանդություններ էր ձեռք բերել ՔԿՀ-ում գտնվելու ժամանակ. Գևորգյանի մոտ ախտորոշվել էր վերջույթների թուլություն և պարկինսոնի համախտանիշ, դատապարտյալն անգամ միայնակ չէր կարողանում տեղաշարժվել, ուստի՝ օգտվում էր սայլակից:
Հրաչյա Գևորգյանի պաշտպանները բազմիցս ահազանգել են նրա նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին: Գևորգյանը, դժգոհելով իր նկատմամբ վերաբերմունքից՝ հացադուլ էր հայտարարել, որպես բողոքի նշան նաև կարել էր բերանը, ասեղ կուլ տվել։
Նշենք, որ դատապարտյալ Հրաչյա Գևորգյանը անցած տարի հուլիսի 7-ին վերաքննիչ քրեական դատարանում նամակ էր նետել լրագրողների կողմը, որտեղ նա համառոտ ներկայացրել էր Քրեակատարողական հիմնարկում տիրող կոռուպցիոն մթնոլորտի և վարքուբարքը: Նամակում Գևորգյանը մեղադրական ուղերձ հղելով՝ նշել էր հստակ անուններ:
Նա նամակում հայցել էր Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի այցելությունը, խոստանալով ավելի հանգամանալից կերպով ու ապացույցներ ներկայացնելով՝ պատմել նրան Հայաստանում բանտային համակարգի առանձնահատկությունների մասին:
Նշենք՝ ըստ մեղադրանքի՝ Հրաչյա Գևորգյանը մեղավոր է ճանաչվել փաստացի ամուսնական կապի մեջ գտնվող իր կնոջը առևանգելու և դրամաշորթության մեջ: Հրաչյա Գևորգյանը և Գարիկ Հարությունյանը պատանդ են վերցրել Նաիրա Հարությունյանին, ով քաղաքացիական ամուսնության մեջ էր գտնվում Գևորգյանի հետ, նրա անչափահաս որդուն, ապա պատանդներին ազատելու պայմանով կնոջ հորից' Ս.Հարությունյանից գումար են պահանջել, որը ստանալուց հետո ազատ են արձակել պատանդներին:
Սակայն, Հրաչյա Գևորգյանը չէր ընդունում իր մեղքը:
Հավելենք՝ Գևորգյանը դատապարտվել էր 8 տարի ազատազրկման:
Սոնա Հարությունյան