Այսօր մամուլում հրապարակվեց տեղեկատվություն այն մասին, որ Երևանի ավագանու անդամ Արմեն Սահակյանը Քաջազնունի փողոցում կատարել է ծառահատում, կանաչ հատվածը վերացրել և այն ասֆալտապատել է:
Լուրի իսկությունը ճշտելու նպատակով ԼՈւՐԵՐ.com-ը կապ հաստատեց Արմեն Սահակյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց. «Ես հերքում եմ տարածված լուրերն այն մասին, որ իմ հրահանգով Կենտրոնի Քաջազնունու 10 հացեում գտնվող շենքի դիմաց կանաչապատ տարածքը ասֆալտապատել են, քանի որ ես պատրաստվում եմ այդ հատվածում ինչ-որ օբյեկտ կառուցել: Նշյալ տարածքն ինձ համար շատ հարազատ վայր է, ուստի՝ հրահանգել եմ այն բարեկարգել: Իրականացվել են բակային բարեկարգման աշխատանքներ, և ոչ թե այն, ինչ ներկայացվել է հրապարակման մեջ»:
Արմեն Սահակյանը շեշտեց, որ վերը նշված տարածքն անբարեկարգ էր, հողային տարածքը լրացուցիչ խնդիր էր առաջացնում շենքի բնակիչների համար: «Հանձնարարել եմ հողային տարածքն ասֆալտապատել, «Սանիթեք» ընկերության կողմից տեղադրված աղբամանների համար կառուցել ենք հատուկ տարածք՝ ապահովելով տարածքի մաքրությունն ու վերացնելով այն հակասանիտարական վիճակը, որը նախկինում կար»:
Արմեն Սահակյանը հերքեց նաև լուրերն այն մասին, որ իր հրահանգով վերացրել են կանաչապատ տարածքն ու ծառ են հատել: Վերջինս մեզ հրավիրեց տարածքն ուսումնասիրելու և տեսնելու, որ ծառն ինչպես կար նախկինում, այնպես էլ կա հիմա.«Գազոնն ասֆալտապատելու և ծառը ոչնչացնելու մասին լուրը ևս ամբողջությամբ ապատեղեկատվություն է: Կարող եք գալ և սեփական աչքերով տեսնել և համոզվել իմ ասածի մեջ: Հարցրեք տարածքի բնակիչներին, բոլորն էլ իրենց գոհունակությունն էին հայտնում, որ այսուհետ ունենալու են բարեկարգ և աղբից ազատ բակային տարածք»:
Աղավնի Սուքիասյան