«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում մասսայական ծառահատման մասին լուսանկարները երեկ տարածվել էին համացանցում, երբ ֆեյսքուքյան օգտատեր Գոռ Հովհաննիսյանը գնացել էր այնտեղ և լուսանկարել ծառահատված անտառը։
Մեկնաբանություն ստանալու համար ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը կապ հաստատեց «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրեն Սահակ Մուրադյանի հետ։ Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ չի կարող ասել, թե ի՞նչն է եղել ծառահատման պատճառը․ «Ես երեք ամսով անձնական խնդիրների պատճառով գտնվել եմ արձակուրդում, վերադարձել եմ մայիսի 2-ին։ Մինչ իմ գալը արդեն նախարարի կողմից հրաման է եղել, ուղարկվել են տեսուչներ, ովքեր ստուգումներ են իրականցնում ՊՈԱԿ-ում և մի քանի գործեր են հարուցվել անհայտ անձանց վրա։ Ամսի 30-ին պարզ կլինեն արդյունքերը՝ քանի ծառ է հատվել»։
Տնօրենն ընդգծեց՝ իրավապահները քրեական գործերի շրջանակներում կպարզեն մեղավորներին և պատճառները։
Թեմայի շուրջ ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը նշեց, որ բոլոր տեղերում վիճակն անվերահսկելի է, կա հանցագործ անփութություն, հանցագործ վերաբերմունք Հայաստանի անտառների նկատմամբ։ «Այս ամենը հիմնավորում են մարդանց սոցիալական, կենցաղայիյն վատ պայմաններով։ Թեև մշտապես այս հանգամանքն են առաջ քաշում, սակայն դրանք ևս պետության վատ կառավարման արդյուքն են»,- ասաց նա՝ ավելացնելով, որ եթե ծառեր են հատվում, դրանք պետք է արվեն խելամտության, լուրջ մոտեցման պայմաններում։
««Դիլիջան» ազգային պարկը պահպանվող տարածք է, դե պատկերացրեք այն անտառների վիճակը, որոնք չեն պահպանվում․ նման տեղերում պարզապես «մորթոցի» է գնում։ Անկառավարելի վիճակ է և մենք հասկանում ենք, որ սրա մեջ լուրջ փողեր կան, որոնք ունեն լուրջ հովանավորներ»,- նկատեց բնապահպանը։
Գալստյանը նշեց՝ վառելիքի առումով պահանջարկ կա, հատկապես, երբ գազի գինը բարձրացել է, ուստի պետք է միջոցառումներ ձեռնարկել անտառամերձ տարածքների, գյուղական բնակավայրերի բնակիչների համար։
Նրա խոսքով՝ համոզված են, որ բացի վառելափայտից՝ այլ նպատակներով է մեծ քանակությամբ անտառահատումներ տեղի ունենում․ «Երբ տեսնում ենք՝ ինչ որակի ու տեսակի ծառեր են հատվում, արդեն պարզ են դառնում՝ ինչ նպատակով են օգտագործվում դրանք։ Մենք արդեն մեկ տարի է ահազանգ ունենք, որ Սյունիքում դարավոր կաղնիներ են հատել, որոնց փայտը օգտագործվում է կոնյակի տակառները պատրաստելու համար։ Քրեական գործ հարուցվեց, որը կարճ ժամանակում կարճվեց»,- ասաց Գալստյանը՝ ընդգծելով, որ ծառահատման դեպքերը չեն բացահայտվում, որովհետև ունեն լուրջ հովանավորյալներ։
Նա հավելեց, որ անտառահատման դեպքերը կանխելու և այս վիճակի փոփոխության միակ եղանակը նման դեպքերը համացանցի միջոցով տարածելն է, քանի որ պատկան մարմինները մշտապես պատճառաբանում են՝ փնտրում են, չեն գտնում հանցագործներին, կամ ֆինանսավորում չունեն, անտառապահներ քիչ ունեն և այլն։
Նշենք, որ Տավուշի մարզի դատախազության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը» և 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը» մայիսի 11-ին հարուցվել է քրեական գործ, «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ հատուկ ջոկատի տեսուչ, պաշտոնատար անձ հանդիսացող Ա. Ս.-ն ձերբակալվել է:
Սոնա Հարությունյան