«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի այսօրվա նիստում, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, քննարկվեց եւ հաստատվեց «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2013թ. բյուջեի կատարման մասին հաշվետվությունը: Ինչպես տեղեկացնում է Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, նշվել է, որ ՊՈԱԿ-ի 2013թ. փաստացի մուտքերը կազմել են 402,7 մլն դրամ, որից 232,4 մլն դրամը' պետբյուջեից, 180,2 մլն դրամը' ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված միջոցներն են:
Անդրադարձ եղավ նաեւ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից համայնքային բյուջեների նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարման հարցին, ինչպես նաեւ պարտավորությունների չափի ճշգրտման խնդիրներին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի առկա բոլոր խնդիրները, կփորձի գործող օրենսդրության շրջանակում գտնել դրանց իրավական կարգավորումները եւ համապատասխան լուծումներ կառաջարկի կառավարությանը' խնդիրները վերջնականորեն կարգավորելու վերաբերյալ: Փոխվարչապետը միաժամանակ կարեւորեց համայնքների նկատմամբ ֆինանսական պարտավորությունների ամբողջական կատարման հանգամանքը: Խորհուրդը քննարկեց եւ հաստատեց նաեւ ՊՈԱԿ-ի 2014թ. եկամուտների եւ ծախսերի նախահաշվի նախագիծը:
Փաստաթղթով ընդամենը եկամուտները ծրագրված են 371,5 մլն դրամի չափով, որից 225,2 մլն դրամը պետական հատկացումներն են, 150 մլն դրամը' ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ակնկալվող միջոցները: Նախորդ տարվա համեմատ ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող միջոցների նվազումը ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը բացատրեց մի շարք պայմանագրերի լուծմամբ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաեւ, որ խուրհուրդը 2014թ. երկրորդ կիսամյակի սկզբին կքննարկի նախահաշվով պլանավորված ցուցանիշների կատարողականը, եւ անհրաժեշտության դեպքում ճշգրտումներ կկատարվեն:
Նիստում տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը ներկայացրեց «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կանոնադրության մեջ 2013թ. դեկտեմբերի 26-ի կառավարության N1508 որոշմամբ կատարված փոփոխությունները, համաձայն որոնց ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի լիազորությունները ընդլայնվում են, որոշ ընթացակարգեր պարզեցվում են: