«Իգլա»-ի գործով կալանավորված Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նկատմամբ կալանավորման օրից մինչ օրս որևէ քննչական գործողություն չի կատարվել: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը:


Փաստաբանը մի քանի օր առաջ մեզ հետ զրույցում ասել էր, որ Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել՝  Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշման դեմ: Նա նշեց, որ բողոքի քննության օրը դեռևս հայտնի չէ: Փաստաբանը ևս մեկ անգամ շեշտեց, որ Բաբայանին առաջադրված մեղադրանքն անհիմն է: 

 

Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 235 հոդվածի 2-րդ մասի և 235.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ: Սույն արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:


Ի դեպ՝ Սամվել Բաբայանն, ըստ Դատախազության հայտարարության, ընդունել է իր առնչությունը ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը: