Արաբագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը, ներկայացնելով Սիրիայում կատարվող իրավիճակը, նշեց, որ ԱՄՆ-ը հրթիռակոծել է սիրիական բանակի դիրքերը, ինչն իրար է խառնել իրավիճակը Մերձավոր Արևելքում:

 

Խոսելով պատճառների մասին՝ փորձագետը նշեց, որ դեռևս ապրիլի 4-ին Սիրիայում տեղի ունեցավ քիմիական զենքի կիրառում, որի պատճառները դեռևս չեն բացահայտվել: «Սիրիական բանակը  պնդում է, որ սիրիական ընդդիմադիր ուժերին են հարվածել, սակայն փորձագիտական հանրության մեջ կա սրա հակափաստարկը, ըստ որի, հարվածներ հասցվել են այն պահեստներին, որտեղ եղել է քիմիական զենք: Անկախ բոլոր պատճառաբանություններից, ես բացառում եմ, որ այս գրոհը իրականացվել է Բաշար Ասադի գիտությամբ»:


Ըստ արաբագետի՝ Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի համար նման գրոհը ձեռնտու չէր հատկապես այս շրջանում, քանի որ Ասադի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ փոխվել էր դեպի դրականը:

 

Ում է ձեռնտու այս իրավիճակը հարցին արաբագետը պատասխանեց, որ սա միայն ձեռնտու էր սիրիական ընդդիմությանը, քանի որ նրանց պետք է մի այնպիսի իրավիճակ ստեղծել, որ խանգարեն առանց իրենց ընթացող զարգացումները: Արմեն Պետրոսյանի համոզմամբ՝ այս հարձակումը ձեռնտու էր սիրիական  ընդդիմությանը և նրանց  հովանավորող արտաքին ուժերին:  

 

ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ ԱՄՆ-ի կողմից Սիրիայի հրթիռակոծումն ի՞նչ հետևանք կթողնի Պուտին-Թրամփ հարաբերությունների վրա, բանախոսը պատասխանեց. «Սա նախազգուշական հարված էր: Եկեք հիշենք, որ բավականին երկար՝ ԱՄՆ-ն նախազգուշացել է ռուսական կողմին: Նախազգուշացումից հետո էլ հարվածն իրականցվել է այնպես, որ հնարավորինս քիչ կորուստներ լինեն: Կարծում եմ՝ իրավիճակը չի սրվի, եթե Ռուսաստանը փորձի այս խնդիրը դիվանագիտական դաշտում կարգավորել և այն ավելի չսրել: Կարծում եմ՝ Ռուսաստանը չի գնա սրացման և Պուտինի կտրուկ դատապարտման խոսքում նա սա համարում է ընդամենը  անիմաստ պատրվակ»,-նշեց բանախոսը: Մեր ճշտող հարցին՝ արդյոք ԱՄՆ-ի կողմից Սիրիայի հրթիռակոծությունը չի՞ նվազեցնի Պուտինի բարձր վարկանիշը, որին նա հասավ Սիրիայում ինչ-որ մակարդակի խաղաղության սահմանումով, Արմեն Պետրոսյանը պատասխանեց. «Պուտինի վարկանիշը չի նվազի: Նրանք այս հարցը կլուծեն ՄԱԿ-ի ԱԽ-ում և կարծում եմ՝ Պուտին-Թրամփ անձնական շփումներն ավելի կշատանան՝ հարցերին դիվանագիտական լուծումներ տալու համար»: 


Աղավնի Սուքիասյան