«Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳՆ-ների հանդիպումը հերրթականը չէ, քանի որ այս հանդիպմանը մասնակցեց նաև Իրանը: Խնդիրն այստեղ, ոչ թե այն է, որ Բաքվում քառակողմ հանդիպում է կայացել, այլ այն, որ  մենք պետք է այնպես անեինք, որ Իրանի մեր գործընկերներն, օրինակ, Ադրբեջանում թույլ չտային հակահայկական որևէ դիրքորոշում: Այն, որ այդ աշխատանքը չի տարվել, դա արդեն մեր խնդիրն է»,-ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը: 

Անդրադառնալով Իրանի մասնակցությամբ Ղարաբաղի հարցի քննարկմանն ու Ալիևի կողմից Հայաստանին ուղղված մեղադրանքներին, Թևան Պողոսյանը նշեց, որ Ալիևը կարող է հայտարարել այն, ինչ խելքին փչում է, քանի որ դա բխում է նախընտրական շրջանում նրա ունեցած շահերից. «Իսկ այն, որ Իրանը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ հարևան բոլոր երկրների հետ, մեզ չպետք է զարմացնի: Հայաստանը պետք փոխի իր քաղաքականությունը և մշտապես դառնա նախաձեռնող, ոչ թե սպասի և տեսնի, թե Ադրբեջանը մեր հարևան որ երկրին ինչ քառակողմ հանդիպման է հրավիրում: Եթե Ադրբեջանում տարվա մեջ մեկ անգամ է անցկացվում նման հանդիպում, մենք պետք է նախաձեռնենք երկուսը»,-ասաց նա: 

 

Ադրբեջանի դեմ տարվող քաղաքականության հարցում Թևան Պողոսյանը կարևորեց մեր կողմից իրականացվող լոբբիստական աշխատանքը բոլոր երկրներում, թեպետ այն ներկա դրությամբ պասիվ է. «Մենք պետք է մեր խնդիրները ցույց տանք և դա անենք միջազգային տարբեր հարթակներում և այս առումով կարևոր է, թե Բակո Սահակյանի վաշինգտոնյան այցի ընթացքում ովքեր էին ուղեկցում նրան այնտեղ Հայաստանից. գնացել է պատգամավորների պատվիրակություն, դուք նրանցիցն որևէ մեկից մի հայտարարություն լսե՞լ եք: Մենք այստեղ խնդիր ունենք լոբբիստական աշխատանքի ճիշտ կազմակերպան հարցում բոլոր երկրների հետ: Այնպես որ, Ադրբեջանում հակահայ արձգանքների մասին խոսելուց առաջ, մենք պետք է նախ ցույց տանք, թե մենք ինչ ենք արել»,-ընդգծեց Պողոսյանը:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահն անդրադարձավ նաև տարածաշրջանային զարգացումներին՝ մասնավորեցնելով արևմուտք-Ռուսաստան հակամարտությունը: Վերջինիս համոզմամբ՝  Հայաստանի նման փոքր պետությունները պետք է կարողանան ճիշտ աշխատել և անել այնպես, որ այլ տերությունների շահերի արանքում տուժող կողմ չդառնան:

Ըստ Պողոսյանի՝ Ամերիկան և Ռուսաստանն իրար հետ կարող են բարիշել և պետք է այնպես տանել քաղաքականությունը, որ այդժամ չստացվի այնպես, որ մենք հայտնվենք նրանց շահերի արանքում: