Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի միջև ապրիլի 7-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց: Ինչպես տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը, նախարարները քննարկել են Սիրիայի իրավիճակը' ԱՄՆ-ի կողմից Սիրիայի դեմ ռազմական ակցիայի համատեքստում:
Լավրովն ընդգծել է նման «ագրեսիայի ակտի դրսևորման անընդունելիությունը», որն կարող է միայն դժվարացնել առանց այն էլ լարված իրավիճակը և խաթարել ՌԴ-ի և Թուրքիայի' սիրիական ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերը: Ընդգծվել է օբյեկտիվ, ողբերգական իրադարձությունների բոլոր հանգամանքների անկողմնակալ հետաքննության կարևորությունը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ը լույս ապրիլի 7-ի գիշերը «Տոմահավկ» հրթիռներով հարված է հասցրել Սիրիայի Հոմսի նահանգի օդակայանին, ինչը դարձել է Միացյալ Նահանգների առաջին ուղղակի գրոհը Սիրիայի կառավարական զորքերի դիրքերի վրա եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ամենաարմատական ռազմական որոշումը պաշտոնակալությունից հետո:
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջել է արտահերթ նիստ անցկացնել ստեղծված իրադրությունը քննարկելու համար: