ԱԺ հինգերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի վերջին քառօրյան այսօր կրկին չկարողացավ գումարել նիստ՝ քվորումի բացակայության պատճառով:
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, նախ մոտենալով ներկա պատգամավորներին` մեկ առ մեկ ողջունեց նրանց, հասցրեց անգամ ջերմագին ողջագուրվել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հետ, ապա իր տեղում նստեց, չմոռանալով նաև ողջունել լրագրողներին՝ «լավ ե՞ք, երեխեք ջան», ասաց Շարմազանովն ու աչքով արեց նրանց:
Առանց խոսափողի ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, կոչ անելով պահել այն պատգամավորների աշխատավարձերը, ովքեր չեն ներկայանում նիստերին:
Շարմազանովն էլ առաջարկեց ծափահարություններով շնորհակալություն հայտնել բոլոր այն պատգամավորներին, որոնց հետ այսքան տարի աշխատել են և ափսոսանք հայտնեց, որ նրանց մի մասը դուրս է մնացել նոր խորհրդարանի կազմից:
«Եղել են քննադատություններ և սուր բանավեճեր: Ես, անկեղծ, շնորահակալ եմ ձեզ: Եթե մի տեղ էլ՝ որպես նիստ վարող, չարաշահել եմ, խնդրում եմ ներողամիտ լինել: Աստված ձեզ ու ձեր ընտանիքներին պահապան»,- ասաց Շարմազանովը: