Նախապես հաստատված ժամանակացույցի համաձայն` Զինված ուժերի զորամասերում ընթանում են ռազմական տեխնիկան և սպառազինությունը շահագործման ամառային ռեժիմի փոխադրման նախապատրաստական աշխատանքներ, կազմակերպվում են անհրաժեշտ միջոցառումներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվո ւթյան և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախապատրաստական աշխատանքների շրջանակում գնդապետ Վալերի Քոչարյանի հրամանատարությամբ գործող 4-րդ բանակային կորպուսի ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հենքի վրա օրերս անցկացվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկման կազմակերպման եռօրյա հավաք-պարապմունքներ:
Հավաքներին մասնակցել են զորամիավորման ենթակա զորամասերի հրամանատարների տեղակալները, սպառազինության և զինվորական տեխնիկայի սպասարկման ու շահագործման պատասխանատուներ:
Անցկացված հավաք-պարապմունքների նպատակն էր կատարելագործել մասնակիցների մասնագիտական, տեսական գիտելիքներն ու ավտոմոբիլային տեխնիկայի և սպառազինության սեզոնային սպասարկման գործնական ունակությունների մակարդակը, ինչպես նաև բարձրացնել անձնակազմի պատասխանատվությունը տարվող աշխատանքների որակի հսկման, սպառազինությունը և ռազմական տեխնիկան մշտապես մարտունակ վիճակում պահելու առումով: