Նախնական տեղեկություններով ինքնասպանություն գործած 15-ամյա Ս. Վ.-ն սիրել եւ ըներություն է արել 30-ն անց տղամարդու հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թիվ 174 դպրոցի փոխտնօրեն Անահիտ Հակոբյանը: Նրա փոխանցմամբ' աղջիկը թույլ սովորող աշակերտ է եղել, սակայն պարտաճանաչ հաճախել է դասերին, հանգիստ բնավորություն է ունեցել եւ նրա հետ կապված, երբեւէ խնդիրներ չեն առաջացել:
«Բայց այսօր նա մի քիչ արտառոց վիճակում էր եկել դասի: Առաջին ժամին չի եղել, 2-րդ, 3-րդ ժամին եկել նստել է: 4-րդին ցանկացել է դուրս գալ, սակայն դռնապանը տեսել է եւ տարել է ֆիզկուլտուրայի դասին: Նա ֆիզկուլտուրայի համազգեստ բերած չի եղել, բայց մնացել է մինչեւ դասաժամի ավարտը: Զանգը տալուց հետո, եկեղեցու պատմության առարկայի դասն սկսելուց առաջ դուրս է եկել դպրոցից: Այդ ժամին 1-ին դասարանցիներն են դուրս եկել եւ նրանց հոսքի հետ հաջողացրել է դուրս գալ: Դրանից հետո նա շենք չի վերադարձել, պատահական մի շենքի բակում նրան մահացած են հայտնաբերել»,- պատմեց Անահիտ Հակոբյանը:
Փոխտնօրենը փոխանցեց, որ այսօր անընդհատ իրեն տղա է զանգել անհանգստացրել: Նույնիսկ հեռախոսն իր դասընկերուհին է վերցրել եւ խոսել: «Երբ շատ են զանգել, հեռախոսը դասղեկն էլ է վերցրել, սակայն տղան չի ներկայացել»,- ավելացրեց փոխտնօրենը: Հարցին, թե դասընկերների հետ չի՞ կիսվել, թե ինչու են անհանգստացրել նա պատասխանեց. «Ինչ-որ այդ տղային սիրել է: Դասընկերներն այդ տղային չեն ճանաչում, անունով չգիտեն, բայց դեմքով տեսել են: Ասում են, որ «օդնոկլասնիկի» կայքով են ծանոթացել: Դասընկերուհիների պատմելով նրանք հանդիպել, ընկերություն են արել: Տղայի տարիքից էլ միանշանակ տեղյակ չենք, բայց ասում են, որ նույնիսկ 30 տարեկան է: Առավոտը տանն էլ են դպրոցական աղջկա մոտ տարօրինակ բաներ նկատել: Նույնիսկ քույրը եւ մայրը, որ այսօր դեպքից հետո եկան դպրոց, ասացին, որ վերջն իր ասածն արեց»:
Փոխտնօրենը ներկայացնելով աղջկա ընտանիքն, ասաց, որ ընտանքիում 4 երեխա են' երկու քույր, երկու եղբայր: Մայրը խելոք կին է, իսկ հայրն' աշխատասեր մարդ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հարավ-Արեւմտյան Ա 1 թաղամասի Անդրանիկի 14 հարկանի 48 շենքի բակում փետրվարի 28-ին անցորդները հայտնաբերել են 15-ամյա Ս. Վ.-ի դին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել էր ոստիկանության Մալաթիայի բաժնից: Նախնական տեղեկություններով կատարվածն ինքնասպանություն է: Հանգամանքները պարզվում են: