Կառավարության այսօրվա նիստի ավարտից հետո լրագորղների հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ նախարարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի կարողանան ապահովել երկարաժամկետ կայուն տնտեսական աճ և դրա համար պետք չէ խուսափել ներքին պարտքի աճից:

 

«Ներքին պարտքն ամեն դեպքում աճելու է այն մասով, որ ունենք դեֆիցիտային բյուջե և առաջիկա տարիներին էլ ունենալու ենք դեֆիցիտային բյուջե: Եթե համեմատենք  ներքին և արտաքին պարտքերը, ապա ներքին պարտքն ավելի լավ է, որովհետև դա քո ռեզիդենտների ձեռքում է կենտրոնացած և մուլտիպլիկատիվ էֆեկտը շատ ավելի լավ է, որովհետև գումարները քո տնտեսությունից դուրս չեն հոսում, քո ռեզիդենտների մոտ են կուտակվում: Բայց ամեն դեպքում, եթե մենք ունենք դեֆիցիտային բյուջե, մեր պարտքը պետք է աճի»,-ասաց Վարդան Արամյանը:

 

Վարդան Արամյանը նշեց, որ 2017թ.-ին Հայաստանի բյուջեի դեֆիցիտը  կազմում է 150 մլրդ, որի շուրջ 42 միլիարդը, ներքին պարտքի թողարկման միջոցով, պետք է մարվի: 


Վարդան Արամյանը նշեց, որ ֆինասնական շուկայի կայունացման համար Հայաստանն անցնում է պարտատոմսերի թողարկմանը, և մինչև ապրիլի վերջ պարտատոմսերը կթողարկվեն:

 

ԼՈւՐԵՐ.com-ը Վարդան Արամյանից հետաքրքրվեց նաև Հայաստանում ստեղծված ներդրողների ակումբի խոստացած ներդրումների ռեալության մասին: Նախարարը նշեց, որ Հայաստանը Ռուսաստանի համար փոքր տնտեսություն է և այնտեղից մեր երկիր եկող գումարները շատ կարևոր են՝ վստահեցնելով, որ ՌԴ-ից մեր երկիր մուտք գործող ներդրումները ռեալ են. «Ներդրողները երկու կարևոր բանի են ուշադիր լինում՝ ռիսկին և վերադարձելիությանը: Մենք մշտապես նշել ենք՝ Հայաստանը կարող է ծառայել որպես հարթակ, որպեսզի կապի ԵԱՏՄ երկրները Հարավային միջանցքի երկրների հետ և, միևնույն ժամանակ, քանի որ մենք ունենք GSP+ համակարգ Եվրամիության հետ, որն արդեն գայթակղիչ է»,- ասաց նախարարը:

 

Աղավնի Սուքիասյան