ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հեպատոլոգիայի բաժանմունքի վարիչ, հանրապետության գլխավոր հեպատոլոգ Հասմիկ Ղազինյանը հայտնեց, որ մեկ տարի առաջ Հալաբյան փողոցում 63 համարի ավտոբուսի պայթյունից տուժածներից երեքը վարակվել են հեպատիտ C-ով:

 

Նրա խոսքով՝ վարակման ռիսկի գործոն հանդիսանում են ոչ միայն բուժման ընթացքում երեք տարբեր հիվանդանոցներում վիրահատական միջամտությունները, այլև չի բացառում պայթյունից մահացածի օտար բեկորների առկայությունը երեխաների մարմնում:

 

Նա նշեց, որ երեխաները երեք տարբեր հիվանդանոցներում ստացել են բավականին լուրջ ծավալային միջամտություններ. «Տարբեր հիվանդանոցների միջամտություններն էլ կարող էին լինել վարակման ֆակտոր, սակայն կա մեկ այլ ֆակտոր ևս՝ երեխաների օրգանիզմ է ներթափանցել պայթյունից մահացած մարդու մարմնի բեկորներ, և դա նույնպես հավանական ֆակտոր է, թեև՝ ավելի քիչ»:

 

Հասմիկ Ղազինյանն ասաց՝ երեխաներից մեկի մոտ ևս, հերթական վիրահատության պատրաստելու ժամանակ, հայտնաբերվել է հեպատիտ C. «Ռոլանդին հետազոտել են և նրա մոտ ևս հաստատվել է հեպատիտ C»,- նշեց նա՝ ավելացնելով, որ արդեն մեկ տարի է՝ երկու երեխաներն էլ գտնվում են թե՛ համապատասխան մասնագետների, թե՛ առողջապահության նախարարության վերահսկողության տակ:

 

Գլխավոր հեպատոլոգի խոսքով՝ նման դեպքերը բացառելու համար վիրաբուժական բաժանմունքներ ունեցող շատ հիվանդանոցներում նախքան վիրահատություն կատարելը հիվանդները հետազոտվում են հեպատիտ C-ի և B-ի վերաբերյալ. «Երեխաների կյանքին վտանգ լինելով պայմանավորված՝ հարկավոր էր, որպեսզի շուտ վիրահատվեին»:

 

Նա ընդգծեց՝ վիրուսից ազատվելու հավանականությունը ժխտելու համ հաստատելու համար վարակելիությունից մեկ տարի անց, կատարվում է որակական հետազոտություն, տղաների դեպքում այդ հետազոտությունը կիրականացվի ապրիլի վերջին:

 

Անդրադառնալով թերացումները հայտնաբերելու ուղղությամբ քննություն իրականացնելուն՝ Ղազինյանը նշեց. «Այդ հարցով նախարարությունում ստեղծվել է հանձնաժողով, սպասենք՝ արդյունքը տեսնելու համար»:

 

Մեզ հետ զրույցում Ղազինյանն ընդգծեց՝ աշխարհում տարեկան 3-4 միլիոն վարակելիության նոր դեպքեր են գրանցվում. «Նոր դեպքերը, հիմնականում՝ ոչ բոլորը, կապվում են բժշկական տարբեր միջամտությունների և ներերակային նարկոտիկների օգտագործման հետ: Հետևաբար, ՀՀ-ում ևս արձանագրվում են նոր դեպքեր, սակայն չի նշանակում, որ հանրապետությունը այս տեսակետից վատթարագույն վիճակում է գտնվում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այժմ արձանագրվում են տարածելիության նոր դեպքեր, որն օրինաչափ երևույթ է ամբողջ աշխարհում և հանրապետությունում:

 

Հեպատիտ C-ն վիրուսային հիվանդություն է, որն սկսում է զարգանալ, երբ վիրուսն օրգանիզմ է ընկնում եւ կարողանում է հիմնավորվել այնտեղ: Հեպատիտ C-ն նաեւ «քաղցր մարդասպան» են անվանում, քանի որ այն մեղմորեն, բայց անխղճորեն հարձակվում է մարդու կարեւորագույն օրգաններից մեկի՝ լյարդի վրա: 


Որոշ մասնագետներ կարծում են, որ այն ՄԻԱՎ վարակից ավելի վտանգավոր է: Ամբողջ աշխարհում հեպատիտ С-ից մահացությունները մոտ տաս անգամ գերազանցում են ՄԻԱՎ-ի մահվան դեպքերը: Աշխարհում մեր օրերում քրոնիկ հեպատիտ C ունեցող մոտ 150 միլիոն մարդ է ապրում: Նրանք բոլորը ենթարկվում են լյարդի ցիռոզի եւ/կամ լյարդի քաղցկեղի զարգացման հավանականությանը: Տարեկան հեպատիտ С-ի հետ կապված լյարդի հիվանդություններից ավելի քան 350 000 մարդ է մահանում:


Սոնա Հարությունյան