Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով ԵԱՀԿ կողմից սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ արված հայտարարություններին, կոչ է արել կազմակերպությանը «չափը ճանաչել»: Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
«Եվրոպայում ԵԱՀԿ կոչվող մի կազմակերպություն կա: Հիմա սրանք վեր են կացել և ասում են, թե Թուրքիայի սահմանադրական հանրաքվեում «այո»-ի հաղթանակը անհանգստությունների պատճառ կդառնա: Չափդ ճանաչիր, դու չես կարող նման բաների մասին խոսել»,- հայտարարել է Էրդողանը:
Թուրքիայում ապրիլի 16-ին նախատեսված է սահմանադրական հանրաքվե: Սահմանադրական փոփոխություններով երկրում անցում է կատարվելու կառավարման նախագահական համակարգի: Մեջլիսի պատգամավորների թիվը 550-ից դառնալու է 600: Պատգամավոր ընտրվելու տարիքը 25-ից իջեցվելու է 18-ի:
Մեջլիսի և նախագահի ընտրություններն անց են կացվելու 5 տարին մեկ միևնույն օրը: Երկրի նախագահն այսուհետ կարող է լինել կուսակցական: