Իսլամական համագործակցություն կազմակերպության արտակարգ գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդես է եկել աղմկահարույց հայտարարությամբ:
57 երկրներ միավորող Իսլամական համագործակցության կազմակերպությունը ներկայումս գլխավորող Թուրքիան՝ հանձինս Էրդողանի, արտակարգ գագաթնաժողով է հրավիրել՝ կոչ անելով միջազգային իրավունքն ու արդարությունը հարգող պետություններին ճանաչել Երուսաղեմը` որպես Պաղեստինի «օկուպացված մայրաքաղաք»:
Ի պատասխան, Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը՝ մահմեդական աշխարհի 21 երկրների ղեկավարները չորեքշաբթի օրը հանդիպել են Ստամբուլում՝ Իսլամական համագործակցության կազմակերպության հովանու ներքո:
Գագաթաժովի ժամանակ ամենասուր քննադատությունը հնչեցրել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը, ով Երուսաղեմը որպես հրեական պետության մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումը «հանցանք» է որակել:
«ԱՄՆ-ը որոշեց հրաժարվել միջնորդի իր դերից ու լիազորություններից՝ կորցնելով իր դերակատարությունը քաղաքական գործընթացներում: Մենք այսուհետ չենք ընդունի ԱՄՆ-ի ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում՝ Իսրայելի հանդեպ որդեգրած կողմնակալ վերաբերմունքի համար: Սա է մեր դիրքորոշումը», - հայտարարել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը:
Հորդանանի Աբդուլլահ II-րդ թագավորը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին համաժողովին պետությունների առաջին դեմքերի մակարդակով մասնակցող 22 պաշտոնյաների թվում էին։
Բազմաթիվ հարցերից մեկը, որը տալիս են շատերը, այն է, թե արդյոք Թրամփի հայտարարության առաջացրած զայրույթը կհարթի մահմեդական աշխարհում՝ մասնավորապես արաբական երկրների առաջնորդների միջև առկա քաղաքական տարաձայնությունները: