Այսօր բուռն քննարկումների ալիք բարձրացավ՝ երեկ համացանցում հրապարակված աղմկահարույց ձայնագրության վերաբերյալ, որի հետ անմիջական կապ ունի խորհրդարանական ընտրություններում, թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն) առաջադրված ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանը: Նշենք, որ ձայնագրությունն արվել է նրան պատկանող «ՍԱՍ» գրուպում՝ նախընտրական ժողովի ժամանակ:

Ձայնագրությունից պարզ է դառնում, որ ընկերության աշխատակիցներին ստիպում են Արտակ Սարգսյանի համար ձայներ հավաքել, սպառնալիքներ հնչեցնելով՝ ձայներ չապահովելու դեպքում հեռացնել աշխատանքից: Ձայնագրության մեջ հնչում են նաև խոստումներ՝ անհրաժեշտ ձայներ ապահովելու դեպքում՝ օրինակ՝ դեպի Փարիզ ուղևորության տոմս:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեց ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Գևորգյանի հետ, ով, ի դեպ, Արտակ Սարգսյանի հետ՝ խորհրդարանական ընտրություններում առաջադրվել էր միևնույն ընտրատարածքում (թիվ 2):

Մեզ հետ զրույցում, Արթուր Գևորգյանը կարծիք հայտնելով ձայնագրության վերաբերյալ՝ ասաց՝ երևույթին բացասական է վերաբերում. «Նման հարցով պետք է դիմել կոնկրետ այն թեկնածուին, ով ընտրել է նման մարտավարություն: Ես ինչ մեկնաբանեմ: Ձայնագրությանը վերաբերում եմ վատ, նման երևույթին չի կարելի լավ վերաբերել: Չեմ կարծում՝ որևէ տրամաբանող և նորմալ մարդ՝ նորմալ վերաբերի այդ երևույթին»:

Անդրադառնալով ընտրարշավին թեկնածուների կողմից ընտրած մարտավարությանը՝ նշեց. «Կար կուսակցական գաղափարախոսություն, կար կուսակցության ծրագիր, որի շուրջ պետք է ներկայացվեին և կատարվեին ընտրարշավին վերաբերող թեմաները»,- ասաց նա ընդգծելով՝ յուրաքանչյուր թեկնածու ինքն է որոշում իր մարտավարությունը ընտրարշավի ժամանակ:

Դիտարկմանը՝ գուցե ինքն ավելի շատ ձայներ հավաքեր, եթե Արտակ Սարգսյանը նման մարտավարություն չորդեգրեր՝ իր օգտին ձայներ հավաքելու համար, Արթուր Գևորգյանը պատասխանեց. «Արտակ Սարգսյանը երբեք մրցակից չի եղել, մենք նույն կուսակցությունից առաջադրված թեկնածուներ էինք: Ես հավաքել եմ շատ ձայներ, ինչպե՞ս կարելի է դա համարել քիչ ձայն»

Նշենք, որ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ,թիվ 2 ընտրատարածքում առաջադրված, ՀՀԿ-ական պատգամավորի թեկնածու Արտակ Սարգսյանը հավաքել էր՝ 12.027 ձայն, իսկ Արթուր Գեւորգյանը՝ 10.150 ձայն: Ի դեպ, վերջինս ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է:

Սոնա Հարությունյան