Հաղորդմանը, ասելով Քարվաճառը մերը չէ, ես նկատի եմ ունեցել աշխարհաքաղաքական իրողությունները, ավել բան չեմ ցանկանում ասել, քանի որ այն շատ նուրբ թեմա է: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Նա այն կարծիքին է, որ որոշ քաղաքական գործիչների կողմից, դավադրություններ են նյութել իր դեմ կոնտեքստից դուրս՝ մեջբերումներ անելով նրա խոսքերը. «Կոնտեքստից դուրս բերել իմ ասածները և դրանց գնահատական տալը կարծում եմ՝ ճիշտ չէ, ես դա ասել եմ հաղորդավարի հետ բանավեճի ընթացքում: Մարդիկ հարցազրույցը մինչև վերջ չեն նայում և շտապում են քննադատել ինձ»,- նշեց պատգամավորը:Մեր այն հարցին, թե արդյոք զղջում է նման արտահայտություն անելու համար, վերջինս պատասխանեց. «Ես չեմ կարծում, թե որևէ սխալ բան եմ ասել, հնարավոր է՝ սխալ եմ հասկացրել իմ միտքը: Իմ ասածի մեջ չկա նշույլ անգամ, որ ես վիճարկում եմ Քարվաճառի հայկական լինելու հանգամանքը»,- ընդգծեց իմքայլական պատգամավորը:
Հարցին, թե իր այդ հայտարարությունից հետո արդյոք նա շարունակում է վայելել հասարակության սերն ու հարգանքը, վերջինս հարցադրում ուղղեց մեզ. «Ինչի՞ այն ժամանակ Հովիկ Աղազարյանը սեր և հարգանք էր վայելում հասարակության կողմից»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ, ավելի վաղ, ԼՈՒՐԵՐ.com-ը հայտնել էր, որ «Փաստինֆո»-ի եթերում «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասել էր, թե «Քարվաճառը մերը չէր, այն 90-ականներին մեր զինվորների կողմից ստեղծվել էր որպես Արցախի պաշտպանության գոտի, որպեսզի հետագայում այդ հողերը վերադարձվեն, և Արցախը ստանար կարգավիճակ»։