«Յուրի Խաչատուրովի նշանակումը մեզ ոչ մի լավ բան չի տա: Մյուս կողմից՝ ես տեսնում եմ, որ այս նշանակումը վերածվելու է մի լծակի, որպեսզի մեկուսացման մեջ գտնվող Ռուսաստանը փորձի սիրիական ճգնաժամի հետ կապված քաղաքական խաղերի մեջ ներքաշել Հայաստանին այնպես, ինչպես արեց Ղրիմի բռնազավթման ժամանակ. Հայաստանին պարտադրվեց իր շահերին հակասող դիրքորոշում ՄԱԿ-ում և այդ խայտառակության տակից Հայաստանը մինչ օրս դուրս չի եկել»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Դիտարկմանը՝ հաշվի առնելով հայ-ադրբեջանական կոնֆլիկտում ՀԱՊԿ դիրքորոշումն ու Ղազախստանի և Բելառուսի որդեգրած քաղաքականությունն, արդյո՞ք Ռուսաստանը պարտադրեց նրանց միաձայն այո ասել հայ թեկնածուի օգտին, քաղաքագետը պատասխանեց. «Պարտադրված որոշում էր, թե ոչ հարցին պետք է պատասխանեմ, որ Խաչատուրովի նշանակումը պայմանավորված էր  Արցախի շուրջ ծավալված զարգացումների հետ: Մյուս կողմից՝ պետք է հավելեմ նաև, որ Բելառուսի և Ղազախստանի համար մեծ հաշվով մեկ է, թե ով կլինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Դա պայմանավորված է միայն Արցախի հարցով: Գիտենք, որ Ռուսաստանը երբեք չի թաքցրել այնտեղ խաղաղապահ զորքեր տեղակայելու մասին իր մտադրությունները և ՀԱՊԿ-ը շատ հարմար տանիք է, որ այդ դրոշով խաղաղապահ զորքերը Պուտինը մտցնի Արցախ»:

Ըստ քաղաքագետի՝ ԱՄՆ-ի՝ Սիրիային հասցված հուժկու հարվածից հետո, սակայն, խաղաքարտերը վերադասավորվեցին և ՀԱՊԿ ակումբում ընդգրկված բռնապետների համար առաջնահերթություններ փոխվեցին, քանի որ ԱՄՆ-ն դեղին քարտ ցույց տվեց բոլոր բռնապետներին և նրանք ստիպված կոնսոլիդացվեցին Պուտինի շուրջ: «Ցավոք սրտի, Հայաստանը, Ռուսաստանից իր աննորմալ կախվածության պատճառով, հայտնվել է մի ակումբի մեջ, որի գխավոր քարտուղարը թեև հայ է, բայց միևնույնն է՝ որևէ դրական բան սպասել չի կարելի»:

Ռուբեն Մեհրաբյանը տեսակետ հայտնեց նաև, որ ինքը տեսնում է նաև միջնորդավորված կապ՝ Սիրիայի և մեր տարածաշրջանում կատարվող զարգացումների միջև այն իմաստով, որ ԱՄՆ-ի հարվածը զգաստացրեց Ադրբեջանին. «Ադրբեջանը հասկացավ, որ ի հայտ է եկել մի նոր ուժ, որը կարող է հարված հասցնել և պայքարել բռնապետությունների դեմ, և ԱՄՆ-ի այս քայլը, այս հարվածները, Հայաստանին ձեռնտու են ազգային անվտանգության տեսանկյունից: Հույս ունեմ, որ ՀՀ ղեկավարությունը թույլ չի տա, որ Հայաստանը, ստիպված՝ իրեն զոհ տալով բավարարի Ռուաստանի հետաքրքությունները»: 


Աղավնի Սուքիասյան