Պետերբուրգի մետրոյում ահաբեկչական գործողության ենթադրյալ կազմակերպիչ Աբրոր Ազիմովին հաջողվել է բռնել միացված հեռախոսի շնորհիվ: Այդ մասին գրել է «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

 

Հրատարակության տվյալներով՝ տղամարդուն բռնել են՝ վերլուծելով մահապարտ Աքբարժոն Ջալիլովի շփումները: Հենց Ազիմովին է ահաբեկիչը զանգահարել ինքնապայթեցումից առաջ, հավանաբար, հայտնելով ակցիան կատարելու պատրաստության մասին:

 

Կասկածյալին փնտրել են մի քանի օր, քանի որ պայթյունից հետո նա թաքնվել է. չի հայտնվել վարձու բնակարանում եւ ազատվել է բոլոր հեռախոսներից: Ապրիլի 17-ին նա գնել է նոր շարժական հեռախոսներ եւ սիմ-քարտեր: Ակտիվացներով քարտերից մեկը՝ նա մատնել է իր գտնվելու վայրը:

 

Ազիմովին ձերբակալել են Մոսկվայի մարզի Օդինցովոյի շրջանի երկաթուղային անցուղու մոտ: Ձերբակալելիս նրա մոտ գտել են Մակարով ատրճանակ:

 

Ապրիլի 3-ին Պետերբուրգի մետրոյի «Սեննայա պլոշչադ» եւ «Տեխնոլոգիչեսկի ինստիտուտ-2» կայարանների միջեւ ընկած տեղամասում որոտացել է հուժկու պայթյուն: Ռումբը գործողության մեջ է դրել մահապարտ ահաբեկիչը, զոհվել է 15 մարդ: Ավելի ուշ «Պլոշչադ Վոստանիա» կայարանում գտել են եւս մեկ ռումբ, որը հաջողվել է վնասազերծել: Գործի հետաքննության շրջանակներում ձերբակալվել են ութ կասկածյալներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: