Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ճշտումներ է իրականացնում' պարզելու, թե արդյոք Սանկտ Պետերբուրգում մետրոյի պայթյունի հետևանքով տուժածների թվում կան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ կամ հայեր: Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԳՆ թվիթերյան միկրոբլոգը:

«Ճշտում ենք Սանկտ Պետերբուրգում մետրոյի պայթյունի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի առկայությունը»,- ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

Պայթյուն է որոտացել Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկի գնացքի վագոնում: Իրավապահ մարմիններում ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել է, որ նախնական տվյալներով զոհվել Է 10 մարդ, տուժել մոտ 50-ը:

Արտակարգ պատահարի վայրում աշխատում են փրկարարները և իրավապահ մարմինների աշխատակիցները:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացված է Սանկտ Պետերբուրգի մետրոյի գնացքի վագոնում տեղի ունեցած պայթյունի մասին: Նա արդեն ցավակցել է զոհերի հարազատներին:

Պայթյունից հետո փակվել են Սանկտ Պետերբուրգի մետրոյի յոթ կայարաններ: Պետերբուրգի մետրոյի կայարանից, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, կատարվում է տարհանում, այդ թվում՝ թունելից: