ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ճշտում է Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվածների և տուժածների շրջանում հայերի առկայությունը։ «Հաստատված տեղեկություններ դեռ չկան»,-նշում են ՀՀ ԱԳ նախարարությունից:

 

Ավելի վաղ նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարված գրառմամբ դատապարտել էր հարձակումը և ցավակցել զոհերի հարազատներին ու մերձավորներին:

 

Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14-ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի: Եվս 18 մարդ ծայրահեղ վիճակում է:

 

Բեռնատարը մխրճվել է ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում հավաքված ամբոխի մեջ, ապա կրակ բացել մարդկանց ուղղությամբ: Հաղորդվում է, որ վարորդը սպանվել է ոստիկանների կողմից: