Թբիլիսիում հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածների, ինչպես նաև բերման ենթարկվածների շրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չկան։ Աս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը:
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում բախումների հետևանքով 200-ից ավելի մարդ է տուժել, այդ թվում, ոստիկաններ, լրագրողներ: Տուժածներից 102-ը մնում են բժշկական հաստատություններում: Ինչպես հայտնել են վրացական ԶԼՄ-ները, բերման է ենթարկվել մի քանի տասնյակ մարդ:
Վրաստանի խորհրդարանի պատգամավորները հունիսի 20-ին խափանել են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքները։ Ռուսպատգամավորների ներկայությունը միանշանակ չի ընդունվել Վրաստանի խորհրդարանականների կողմից, նրանք իրենց բողոքի ձայնն են բարձրացնել ռուս պատգամավորների մասնակցության առնչությամբ: Բողոքներն սկսվել են սկանդալից հետո՝ կապված Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի այցի հետ, որն զբաղեցնում է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ղեկավարի պաշտոնը: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Մոսկվային է մեղադրել երկրի իրադրությունն ապակայունացնելու մեջ:
Ռուսաստանի ԱԳ նախարարության անունից մեկնաբանություն է տարածել փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: «Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որի նիստի անցկացումը Թբիլիսիում ծրագրված էր երկար ժամանակ առաջ, ընդդիմության ռադիկալ մասն օգտագործեց այն բանի համար, որպեսզի անկարգություններ առաջացնի փողոցում»,- հայտարարել է Կարասինը: Նրա խոսքով, սա ևս մեկ անգամ ցույց է տալիս վրացի քաղաքական գործիչների ռադիկալ մասի էմոցիոնալ վերաբերմունքը, որը «ամեն ինչ անում է, որպեսզի խանգարի Մոսկվայի և Թբիլիսիի միջև հարաբերությունների կարգավորմանը»: