Ավելի քան 21 մարդ զոհվել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի ռեստորաններից մեկում իրականացված պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնում է BBC-ն:
Զոհվածների թվում են ՄԱԿ-ի 4 աշխատակից և Աֆղանստանում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցչության ղեկավար Վաբել Աբդալլահը:
Մահապարտ ահաբեկիչը պայթյուն է իրականացրել ռեստորանի մուտքի մոտ, որից հետո ներխուժել են երկու գրոհային ու կրակ բացել այցելուների ուղղությամբ:
Հարձակման ընթացքում զոհվել է նաև Աֆղանստանի ութ քաղաքացի, ինչպես նաև Կանադայի, Ռուսաստանի, Լիբանանի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ:
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբանը», որի ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդն ընդգծել է, որ պայթյունն ուղղված է եղել օտարերկրացիների դեմ: