Հոկտեմբերի 26-ին Աֆղանստանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով Պակիստանում զոհվածների թիվը հասել է 255-ի, տուժել է 1,6 հազար մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Պակիստանի արտակարգ իրավիճակների վարչությունը:
«Ըստ վերջին տվյալների՝ Պակիստանում զոհվել է 255 մարդ, ևս 1697-ը տուժել են,-ճշտել են փրկարարները:-Ավերվել կամ վնասվել է 9209 տուն»:
Առավել մեծ վնաս է պատճառվել Հայբեր-Փահթունհվա հյուսիսարևմտյան նահանգին, որը սահմանակից է Աֆղանստանի հետ: Այնտեղ տուժել է 1918 մարդ, զոհերի թիվը հասնում է 208-ի, ավերված կամ վնասված է 8453 տուն:
Բուն Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 115-ի, տուժել է ավելի քան 530 մարդ: Եվս չորս մարդ զոհվել է Հնդկաստանի Ջամուի և Քաշմիրի նահանգում:
Երկրաշարժը տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ին Երևանի ժամանակով ժամը 13:09-ին: ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվում է 196 կիլոմետր խորության վրա՝ Հննդուկուշի լեռներում՝ Աֆղանստանի Բադախշան հյուսիսային նահանգի Ֆեյզաբադ քաղաքից 82 կիլոմետր հարավ-արևելք ընկած շրջանում և Պակիստանի Հայբեր-Պահթունհվա նահանգի Չիթրալ քաղաքից 67 կիլոմետր հեռավորության վրա: Տարբեր ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են զգացվել Միջին Ասիայում և Հարավային Ասիայի մեծ մասում, մասնավորապես Հնդկաստանում, Տաջիկստանում և Նեպալում:
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը և ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը երկրաշարժի մագնիտուդը գնահատում են 7,5, հաղորդել է ՏԱՍՍ-ը: